ԳլխավորԽճանկար

Ես «փոքր-մոքր» եմ ու շինհրապարակներում անհասկանալի արձագանքի էի հանդիպում.  Իրինա Վանյան

Իրինա Վանյան

ՃՇՀԱՀ-ի nuaca.am կայքը զրուցել է երիտասարդ  շինարար Իրինա Վանյանի հետ:

— Ինչպե՞ս որոշեցիք դառնալ շինարար ու Արցախից գալ Երևան:

2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո մայիսի սկզբին հայրիկիս հետ Արցախից եկանք Երևան թղթերը հանձնելու՝ համալսարան ընդունվելու համար: Մինչ այդ բոլորը մտածում էին, որ Իրինան ընդունվելու է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ու դառնալու է բժիշկ: Սակայն երբ գնում ենք նախարարություն, մեզ են տալիս մասնագիտությունների ցանկը ու այնտեղ տեսնում եմ «Շենքերի նախագծում» բաժինը, ինչ-որ ներքին ձայն ինձ ասում է, որ «սա քոնն է», «դու պետք է սա ընտրես», որովհետև ես միշտ երազել եմ մարդկանց համար ինչ-որ նոր ու լավ բաներ ստեղծել: Ու հենց այդ պահին հայրիկիս ասում եմ, որ ես ուզում եմ այդ բաժինն ընտրել, հայրս, իհարկե, ընդդիմանում է, ինձ իմ նախկին երազանքների մասին հիշեցնելով: Բայց ես պնդեցի, ու վստահ էի որոշմանս մեջ, նույնիսկ հնարավորություն ունեի մի քանի բաժիններ նշելու, որ եթե մեկը չտացվի մյուս մասնագիտությունը սովորեմ, բայց ես նշել էի միայն այդ բաժինը: Ու Աստված չաներ՝ ես չընդունվեի, մի տարի հնարավորություն չէի ունենա մասնագիտություն ստանալու, բայց ամեն ինչ լավ ավարտվեց: Իհարկե ինձ դժվար էր թողնել հայրենի բնօրրանը , սակայն ցանկությունս շատ մեծ էր և այսօր ես դարձել եմ շինարար:

— Կան երիտասարդներ աղջիկներ, ովքեր դժվարությամբ են պատկերացնում իրենց, որպես կին-շինարար: Ինչպիսի՞ն էր արձագանքը Ձեր պարագայում և ինչպե՞ս են արձագանքում աշխատաշուկայում երբ տեսնում են երիտասարդ և կին շինարարի:

— Մեր ամբողջ կուրսում եղել ենք 3 աղջիկ: Դասախոսներն էլ մի քիչ թերահավատորեն էին մոտենում, որ աղջիկը կարող է այդ մասնագիտության մեջ հաջողություններ գրանցել, բայց ջանք չէին խնայում սովորեցել առավելագույնը:

Ես կարճահասակ եմ, ինչպես ասում են՝ «փոքր-մոքր» եմ ու շինհրապարակներ այցելելիս շատ հաճախ անհասկանալի արձագանքի էի հանդիպում: Երբեք ոչ մեկի մոտ առաջին հայացքից վստահություն չեմ ներշնչել ու սկզբնական շրջանում արհեստավորները ինձ դիմում էին ավանդական «ազիզ ջան», «բալիկ ջան»-ով, սակայն աշխատանքի ինչ-որ փուլում ընկալեցին ինձ որպես շինարար ու ի հայտ եկավ հարգանքը: Սկզբնական շրջանում դժվար էր իհարկե, նույնը չեմ կարող ասել այսօրվա մասին, քանի որ այսօր ի տարբերություն այն ժամանակների, երբ ես էի ավարտում, լրիվ այլ պատկեր է: Այսինքն շինարարության ոլորտում կարող ես տեսնել բազում կին աշխատողներ՝ կին-շինարարներ, կին-ճարտարապետներ, նախագծողներ նույնիսկ տեխնիկական հսկիչներ, ովքեր լավագույնս տիրապետում են իրենց մասնագիտությանը: Այսօր բավականին կոտրված է այդ կարծրատիպային մոտեցումը կին-շինարարների պարագայում: Հետո հաճախ շինարարություն ասելով շատերը պատկերացնում են միայն շին հրապարակներում իրականցվող բուն շինարարական պրոցեսը, բայց ես միանշանակ կարող եմ ասել որ շինարարության մի ահռելի բաժին է կազմում օրինակ նախագծումը, որտեղ շատ կանայք կարողանում են իրենց դրսևորել ոչ պակաս արհեստավարժ, քան տղամարդիկ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։