Ֆինլանդիան 5-րդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով World Happiness Report–ին։
World Happiness Report-ի զեկույցն ամեն տարի կազմում է ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումներ գտնելու ստորաբաժանումը։ Գնահատվում է աշխարհի 146 երկիր, և հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն: Երջանկության մասին համաշխարհային զեկույցն առաջին անգամ թողարկվել է 2012 թվականին։
Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ–ն ցուցակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիան` 17-րդ, Ֆրանսիան` 20-րդ։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Լիտվան և Էստոնիան, որոնք համապատասխանաբար 34–րդ և 36-րդ տեղերում են, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդն էր), Հայաստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ: