ԳլխավորԼուր

Միջադեպերն առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք են. պաշտպանության նախարար

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, հայտնում են ՊՆ-ից։

Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։

Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:

Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, 20-ամյա Ալբերտ Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։ Մարտի 17-ին էլ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում էլ հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա Էդուարդ Ռուստամյանի դին` հրազենային վիրավորումով։