ԳլխավորԼուր

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Տեղեկությունը հայտնում  են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել, որը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։

Վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: