ԱրցախԳլխավորԼուրԿրթություն

Շարժում՝ Արցախի մայր բուհը վերաբացելու պահանջով

Արցախի պետական համալսարան (ԱրՊՀ)

Արցախի անկախության կերտման պատմության ժամանակաընթացքում Արցախի պետական համալսարանը եղել է այն կրթական խոշոր կենտրոնը, որ միշտ կանգնած է եղել անկախության ու պետականաշինության ակունքներում`դառնալով Արցախի վերածննդի հիմնաքարերից մեկը։

Այսօր`Արցախի լիակատար բռնազավթման պայմաններում, բուհը կանգնած է գոյության հարցի առաջ, ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Ասրյանը։

«Հանդես գալով ԱրՊՀ ուսանողության անունից` ես`ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Ара Саркисян ֊ը պահանջում ենք վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը` վերաբացելով Արցախի մայր բուհը։

Սիրելի’ ուսանողներ, մեր զոհված դասընկերների շիրիմներն ու նրանց հիշատակին նվիրված հուշաքարերը մնացին Արցախում, բայց նրանց անունն ու գործը` մեզ հետ։ Հանուն բուհի լինելիության` միացեք պահանջին և կանգնեք բուհի կողքին։

Հարգելի’ դասախոսներ, Դուք կրթել եք Արցախ ազատագրող սերունդ, Դուք կրթել եք ազգի լավագույն զավակներին: Հանուն ձեր այսօրվա սաների կրթության`կանգնեք բուհի կողքին։

Հարգելի’ հայրենակից, դու գիտես, թե ինչեր է տեսել արցախցին, գիտես, թե ինչ է նշանակում լինել հայրենազուրկ, թույլ մի տուր, որ Արցախի երիտասարդը կորցնի իր տունը հերթական անգամ։ Կանգնիր մեր կողքին, օգնիր, որ միասին կերտենք մեր բուհի ապագան»,-գրել է նա։

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է, նրանցից 1600-ը ԱրՊՀ-ից են։ ԱրՊՀ-ն ունի նաև 510 աշխատակից, նրանցից 170 դասախոսներ են։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, 22 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ: