ԳլխավորԼուր

Կայացել է ԱրՊՀ «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը, հայտնում են ԱրՊՀ-ից։ Յուրաքանչյուր տարի, ըստ կանոնակարգի, մրցույթը անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը։

2020-2021 ուստարվա «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլի թեկնածուներն էին տնտեսագիտական ֆակուլտետի «Կառավարում» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Կարապետյանը, բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Աբրահամյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլլա Արզումանյանը և բնագիտական ֆակուլտետի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Արգինե Սարգսյանը:

Թեկնածուները մրցույթի հանձնաժողովին են ներկայացրել իրենց ուսումնագիտական ձեռքբերումները տարբեր ուղղություններում, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

Հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը՝ հաղթող է ճանաչվել Սոֆի Աբրահամյանը։

Ներբուհական փուլի հաղթող ուսանողը հաջորդիվ պետք է մասնակցի հանրապետական փուլին։ Մրցույթին ներկայացված մյուս ուսանողները տարբեր անվանակարգերում կխրախուսվեն ԱրՊՀ ռեկտորի կողմից: