ԳլխավորԽճանկար

Կրթության հանդեպ սերը հաջողության հասնելու լավագույն գրավականն է. Հասմիկ Ափրեյան

Հասմիկ Ափրեյան

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրի «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հումանիտար գիտությունների ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։

Հասմիկն արդեն երկրորդ անգամ է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնում։ Ysu.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ հաջողություններ գրանցելու համար առանցքային դեր ունեն ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունները, համալսարանական միջավայրը, ուսումնառության ընթացքում տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերումը։

«Ինձ համար ամենավառ օրինակն ակնառու հաջողության հասած ավագ սերնդի մեր դասախոսներն են, և ես, հետևելով նրանց գործունեությանն ու օրինակին, միշտ ձգտել եմ իմ կրթությամբ հասնել նպատակներիս իրականացմանը, հարստացնել գիտելիքներս և արդյունավետ օգտագործել ժամանակը»,- ասաց Հասմիկը՝ ընդգծելով, որ լավագույն ուսանողի կոչման արժանանալը պարտավորեցնող է:

Անդրադառնալով իր ձեռքբերումներին և հաջողություններին՝ ուսանողը նշեց, որ ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքները, համալսարանական կյանքում, ուսանողական կառույցներում ակտիվ ներգրավվածությունը մղում են շարունակաբար կատարելագործվելու:

«Ուսանողական կառույցի ղեկավար կազմում ընդգրկվելն արդեն իսկ վկայում է ուսանողական կյանքում իմ ակտիվ ներգրավվածությունը: Լավ մասնագետ դառնալու ճանապարհին ԵՊՀ ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) գաղափարների և ծրագրերի իրականացման, այլընտրանքային կրթության կազմակերպման, նոր հմտությունների ձեռքբերման և կիրառման համար կարևոր հարթակ է։ Կարծում եմ, որ լավ ուսանողը նա է, ով հասարակական ակտիվությունը համատեղում է կրթագիտական առաջադիմության հետ»։

Հասմիկը հաջողության հասնելու ամենակարևոր գրավականը համարում է կրթության հանդեպ սերը և հավելում, որ ցանկացած աշխատանքում սեր ներդնելու դեպքում հնարավոր է հասնել լավագույն արդյունքի․

«Նպատակ ունեմ ստացած գիտելիքներս հաջորդ սերնդին փոխանցելու։ Այդ ամենն իրագործելու համար պետք է դեռ շատ սովորել։ Կարծում եմ, որ մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում և այդ ճանապարհին շարունակել քայլել դեպի գիտելիքն ու արժևորել այն»։

Հասմիկ Ափրեյանը ցանկություն ունի ուսումը շարունակելու ԵՊՀ մագիստրատուրայում: