ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանն այս տարի ավարտում է 450 ուսանող

Արցախի պետական համալսարանն այս տարի ավարտում է 450 ուսանող

Մայիսի 15-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել են ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։

Ըստ ԱրՊՀ ուսումնական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Իրենա Խաչատրյանի՝ 2022-2023 ուստարում Մայր բուհն ավարտում է 450 ուսանող, որից բակալավրիատը՝ 365, իսկ մագիստրատուրան՝ 85 ուսանող:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ երկրում ստեղծված իրավիճակը չի ազդել ուսումնական գործընթացի վրա, բայց ջանքեր են գործադրվել՝ գործընթացը հնարավորինս լիարժեք կազմակերպելու համար, և բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են՝ քննաշրջանը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Մայիսի 10-ին կայացած գիտական խորհրդի նիստում օրակարգային հարցերից էր շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ավարտական խմբերի ուսանողների՝ ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հարցը:

Գիտխորհուրդը հարցը քննարկել և որոշում էր կայացրել թույլատրել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ուսանողների առաջին կիսամյակի քննաշրջանը և ամփոփիչ ատեստավորման քննությունները հեռավար կազմակերպելը։

Շուրջ 35 ուսանողի հնարավորություն է ընձեռվել հեռավար մասնակցելու ամփոփիչ ատեստավորման քննություններին:

Բոլոր նրանց համար, ովքեր ավարտական խմբերում ամփոփիչ որակավորման քննությունների պետք է մասնակցեին, նախապես կազմակերպվել են մեկշաբաթյա խորհրդատվական ժամեր, ևս մեկ անգամ քննարկվել են հարցատոմսերում ընդգրկված անհասկանալի հարցերը:

Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2022-2023 ուստարվա ուսումնական գործունեության օրացույցի՝ ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կտևեն մինչև մայիսի 19-ը։