ԳլխավորԼուր

Հայ-ռուսական համալսարանում «5-րդ շարասյուն» կա՞. ԿԳՄՍՆ-ի կոշտ դիմադրությունը 

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գոյություն ունի «5-րդ շարասյուն», որտեղ ներգրավված անձիք փորձում են օգնել ռուսական կողմին` օրեր առաջ տեղի ունեցած ռեկտորի ընրության արդյունքները չեղարկելու  հարցում. այս մասին Usanogh.am-ին հայտնում են բուհին մոտ կանգնած աղբյուրները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) ռեկտորի պաշտոնում ընտրել են պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին։

Usanogh.am-ը տեղեկացրել էր նաև, որ ռուսական կողմը չի ճանաչել Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները: Ռուսաստանի կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում նշված է, որ  մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով:  Խախտումները, ըստ Մոգիլևսկու,  մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն ընտրությունների լեգիտիմության  խնդիր, առհասարակ չկա, քանի որ դրանք անցկացվել են ընթացակարգային  բոլոր պահանջներին համապատասխան ,  ավելին` հաշվարկին ներկա են եղել 5 դիտորդներ, որոնք որևէ խախտում չեն արձանագրել,  ընտրություններին ներկա է եղել  նաև ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը, որը հետևել է ողջ գործընթացին և անձամբ շնորհավորել է ընտրված ռեկտորին:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմը մտադիր է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել մինչև նոր համաձայնագրի կնքումը (Մոգիլևսկին  ավելի վաղ նշել էր, որ Հայ-ռուսական համալսարանի ղեկավարության փոփոխության համար անհրաժեշտ է թարմացնել Ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը). «Բուհում այդ 5-րդ շարասյան ներկայացուցիչների շրջանում պատերի տակ փսփսոց կա…Բոլոր խոսակցությունները հասնում են ռուսական կողմին:  Բայց, չնայած ռուսական կողմի նկրտումներին, Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը  կոշտ դիմադրություն է ցույց տալիս, ավելին` մոտ օրերս կլինի նորընտիր ռեկտորի հաստատման հրամանը»: