ԳլխավորԼուր

Ռուսական կողմը չի ճանաչել Հայ–ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում, փոխանցում է Sputnik Արմենիան։

Այնտեղ նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։

ՀՌՀ գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ավարտի կապակցությամբ և անցումային շրջանում համալսարանի բնականոն գործունեության պահպանման նպատակով Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնել համաձայնեցված թեկնածուի վրա:

«Ճիշտ ենք համարում, որ նշված թեկնածությունը ներկայացնի ՀՌՀ գործող ղեկավարությունը», – նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) ռեկտորի պաշտոնում ընտրել են պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին։