ԳլխավորԽճանկարՀայաստանս

Թշնամու սադրանքից զոհված Նարեկը տան միակ տղան էր. Sputnik Արմենիա

Նարեկ Բաղդասարյան

Ադրբեջանական սադրանքի պատճառով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղդասարյանը, որը Գառնի համայնքից էր, տան միակ տղան էր, զորացրվելուն էլ ընդամենը 50 օր է մնացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանը։

Նարեկը 2 քույր ունի, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում։

20-ամյա Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն էլ «Ֆեյսբուքում» ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու առնչությամբ։ Նա գրել է, որ հարազատական ամենամոտ կապերն ուներ ու Նարեկին մանկուց է ճանաչել։

Ահարոն Սահակյանը տղային նկարագրել է որպես անչափ զուստ, համեստ և հայրենասեր։

Հիշեցնենք` մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել էր 4 զինծառայող: Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Բացի այդ, նույն օրը ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:

Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող։

2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։