ԳլխավորԼուր

«Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո». Սումգայիթյան ջարդերի տարելիցն է

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն։

ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ (27), իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի մարդ է սպանվել, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել է, հազարավոր մարդիկ վիրավորել են, հարյուրավորներ՝ բռնաբարվել, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ։

18.000 մարդ փախստական է դարձել, մի քանի հարյուր բնակարան ավերվել ու թալանվել է, կողոպտվել են տասնյակ կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, հրկիզվել կամ ջարդվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Շահեն Սերյանյանը ծնվել է 1959 թվականին։ Կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ բնակվում էր 45-րդ թաղամասի 12-րդ տան 38-րդ բնակարանում։ Աշխատել է որպես կահույքագործ։ Նա պատմում է․

«Փետրվարի 27-ի երեկոյան ժամը 8-ին տանը նստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է: Մենք սկզբից չհավատացինք: Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են: Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց: Առավոտյան ժամը 11-ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց: Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում: Հայերը սկսեցին իրար զանգահարել․ տներից դուրս մի′ եկեք, դռների վրայի ազգանունները հանե′ք: Ամբողջ օրը դուրս չեկանք: Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի′ վախեցեք, կպաշտպանենք: Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց: Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց` գործի չգաս:

Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու: Վերադարձավ լաց լինելով: Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից: Երեկոյան ժամը 5-ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք: Սարսափելի ճիչ բարձրացավ: Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»:

Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի: Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո: Նրանք երեխա չունեին: Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուժբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ: Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում: Նույն շենքից մի ծերունու ծեծեցին…»:

 

Comments (1)

  1. […] առջև փետրվարի 28-ին կայացավ քայլերթ և լուռ ակցիա՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ: Ակցիային մասնակցում էին  Հայաստանում […]

Comment here