Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև փետրվարի 28-ին կայացավ քայլերթ և լուռ ակցիա՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ: Ակցիային մասնակցում էին Հայաստանում տարբեր համալսարանների ուսանողներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցը մեկնարկեց ԵՊՀ համալսարանի մոտ՝ մասնակիցների կողմից հայերեն և անգլերեն լեզուներով Սումգայիթի ջարդերը, արցախյան 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան դեպքերը և Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարություններով:
«Քայլերթի նպատակն է հիշեցնել Սումգայիթի ջարդերի մասին: Ուզում ենք, որ աշխարհը ևս ընդունի այդ փաստը ու Արցախի հանդեպ փոխի դիրքորոշումները: Կարծում ենք աշխարհի լռությունը տարօրինակ է և կարևոր ենք համարում հիշեցնել Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին»,- ասաց ակցիայի մասնակից ուսանողներից մեկը:
Այնուհետև Ադրբեջանին դատապարտող պաստառներով ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ լուռ ակցիա անցկացրին: Ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Կանգնեք Արցախի կողքին՝ արդարության, խաղաղության և ժողովրդավարության համար», «Մի թողեք 120 հազար մարդկանց Ադրբեջանի շրջափակման մեջ», «Աջակցելով Արցախին՝ պաշտպանում եք մարդու իրավունքները» և այլ կոչերով:
Սումգայիթի ջարդեր
Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։
Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։