Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի բնակչության լավագույն սերուցքը բուհերում է, գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Տեսե՛ք մեր այսօրվա երթը. մոտ 300 ուսանող, մեկուկես մետր հեռավորություն, հստակ ձևակերպված պահանջ, հարգալից հարաբերություններ բոլորի հետ՝ պաշտոնյայից մինչև ոստիկան: Հավատացե՛ք՝ ամեն օր չէ, որ ոստիկանները շնորհակալություն են հայտնում կառավարության դիմաց հավաքվածներին կարգապահության համար: Այսօր հենց այդ օրն էր, ինչի համար ես, իրոք, հպարտ եմ:
Ինչու՞ է սա հիմա կարևոր: Եթե մենք՝ որպես հասարակություն և պետություն, պատրաստ չենք աջակցելու ուսանողներին, ի՞նչ ապագա է մեզ առհասարակ սպասվում: Առանց որակյալ կրթության չկա արժանի ապագա: Պետք է այսօր օգնել ուսանողներին կրթության հարցում, որպեսզի նրանք ապագայում տասնապատիկը վերադարձնեն հասարակությանը և պետությանը: Սա է իմ պատկերացրած բանաձևը:
Այսօր վարչապետի օգնականը մեզ ասաց, որ նամակը հիմք կծառայի առաջիկա ծրագրերը կազմելու գործում, իսկ մեզ հետ համագործակցությունը այս առումով կլինի օգտակար: Ուզում եմ հավատալ, որ այս ամենը զուտ խոսքեր չեն և վերածվելու են գործնական քայլերի: Այլապես, ո՞րն է պետության սոցիալական լինելու իմաստը, եթե ուսանողները և իրենց ընտանիքները միայնակ են մնալու այս ճգնաժամային իրավիճակում:
Ես շնորհակալ եմ բոլոր ուսանողներին, ովքեր մինչ այս պահը ամեն ինչ արել են խնդիրը բարձրաձայնելու համար: Թեև մեր պահանջը արդար է, այնուամենայնիվ նույնիսկ արդար պահանջը բարձրաձայնելու համար պետք է լինել և գործել որպես կազմակերպված թիմ և գիտակից համայնք:
Ես շնորհակալ եմ ԱԺ այն պատգամավորներին, ովքեր այսօր ԱԺ ամբիոնից բարձրաձայնել են վարձավճարի խնդրի մասին: Հուսամ՝ ձեր գործընկերները ևս կմիանան ձեր ջանքերին:
Իսկ մենք սպասում ենք կառավարության արձագանքին՝ միաժամանակ ձեռնարկելով նաև այլ քայլեր այս ճգնաժամային իրավիճակից ելքեր փնտրելու հարցում: Առաջիկա քայլերի մասին անպայման կտեղեկացնենք բոլորին»,-նշված է գրառման մեջ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։