Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուրԽոսք

Առանց Արցախ մենք դատապարտված ենք արյունաքամ լինելուն. Դավիթ Ափոյան

Մոմավառություն

Վերջին հազարամյակում հայ ժողովրդի միակ իրական ձեռքբերումը փոշիանում է։ Մենք գլխիկոր ենք պատմության առաջ, քանի որ այն, ինչի հիման վրա ստեղծվեց Երրորդ Հանրապետությունը, մենք տանուլ տվեցին։

Իրականում Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, ոչ թե հակառակը։ Առանց Արցախ մենք դատապարտված ենք արյունաքամ լինելուն։ Այդ արյունը չի մակարդվելու։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Սեպտեմբերի 26-ի կյանքը չի վերադառնալու։ Իսկ նոյեմբերի 10-ը հերթով գալու է բոլորի տներ՝ հուսալքության, անպաշտպանվածության զգացման, աղքատության, պանդխտության, ազգային արժանապատվության կորստի և հրճվող թշնամու տեսքով։

Սարսափելի է, որ իշխանությունը, ում պատասխանատվության օրոք մենք ապրում ենք մեր պատմության այս գուցե վերջին էջը, ոչ միայն խուսափում է պատասխանատվությունից, այլ նույնիսկ պարզ, մարդկային ներողություն չի հայցում իր ժողովրդից։

ՄոմավառությունՀուսալքությունից նահանջած զինվորից մինչև ոտքը Արցախում թողած գեներալ՝ բոլորը մեղավոր են և դավաճան, բացի նրանից, ով ի պաշտոնե ամենաշատ լծակներն ու ազդեցությունը ուներ իրավիճակի վրա ազդելու համար։ Բայց այդպես չի լինում, հավատացե՛ք, չի լինում։

Առավել ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են հրահանգավորված իրական և կեղծ մարդիկ հայհոյում ցանկացածին, ով համարձակվում է իրականության աչքերին ուղիղ նայել, այդ թվում իրենց տունը կորցրած արցախցիներին, զոհվածների մայրերին և քույրերին։ Բարոյականության բոլոր սահմանները հատված են։

Հույս եմ պահպանում, որ սա մեր պատմության վերջին էջը չէ։ Ի վերջո, եթե ցեղասպանությունից հետո մենք ապրել ենք, պետություն ենք ստեղծել, Արցախ ենք ազատագրել, երևի կարող ենք նաև այս փորձությունը հաղթահարել։ Մենք պետք է վերարժևորենք մեր կյանքը ու սկսենք վերանորոգել այն, ինչ խափանված է։ Հավատում եմ, որ պատմության մեջ մենք չենք մնալու իբրև ձախողակ սերունդ։

Բայց նախևառաջ այս էջը փակել և նոր էջ բացել է պետք։ Դա անելու մեկ ճանապարհ կա։ Բոլորդ ծանոթ եք այդ ճանապարհին։ Ես չգիտեմ, թե ինչ է գրվելու նոր էջում։ Գուցե նոր փառավոր պատմություն այդպես էլ չգրվի։ Բայց վստահ եմ, որ ողբերգական այս էջում մնալով՝ մենք դատապարտում ենք մեզ կործանման»,- գրել է Դավիթ Ափոյանը:

Comment here