Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:
Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։
Ճանապարհը շարունակում է փակ մնալ։