ԳլխավորԼուր

Զարուհի Սողոմոնյանը նշանակվել է ՀՖՀՀ պրոռեկտոր

ՀՖՀՀ պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյան

Հունվարի 1-ից Զարուհի Սողոմոնյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորն է։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ուսումնական գծով տնօրենի պաշտոնը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

ՀՖՀՀ-ի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Bath համալսարանի (Միացյալ թագավորություն)՝ բարձրագույն կրթության կառավարման ոլորտի դոկտորանտ Զարուհի Սողոմոնյանը 13 գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է 30-ից ավելի ազգային և միջազգային գիտաժողովների, ինչպես նաև՝ մանկավարժությանը և ակադեմիական կառավարմանն առնչվող շուրջ 50 վերապատրաստման։

«Զարուհի Սողոմոնյանը 2012թ․-ից ՀՖՀՀ թիմի անդամ է․ զբաղեցնելով նախ՝ անգլերենի դասախոսի, ապա՝ օտար լեզուների ամբիոնի վարիչի, այնուհետև՝ ուսումնական գծով տնօրենի պաշտոնը՝ նա մեծ ներդրում է ունեցել համալսարանի զարգացման և հեղինակության շարունակական բարձրացման գործում։

Պրոռեկտորի պաշտոնում նրա նշանակումը ողջունել է ամբողջ անձնակազմը։ Այս նշանակումը վստահաբար մեծ հավելյալ արժեք կլինի համալսարանի համար,-նշված է հաղորդագրության մեջ։

ՏեղեկանքՀայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ, UFAR) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և շուրջ 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: