ԳլխավորԼուր

Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում։

«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,-նիստի ժամանակ հայտարարել է Հարությունյանը։

«Ոմանք մտահոգվում էին Ռուբեն Վարդանյանի համար, ոմանք փորձում այս որոշումը ներկայացնել որպես պայքարի ոգու ջլատում, նույնիսկ կան այնպիսինները, որոնք հայտարարում են, որ սա Ադրբեջանի թելադրանքի կատարում է: Չցանկանալով անդրադառնալ այսպիսի բնութագրությունների հեղինակներին, զերծ մնալով նրանց որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես:

Ասեմ նաև, որ ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում: Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկը արել եմ իմ նախաձեռնությամբ, այն հավանության էր արժանացել Արցախի ժողովրդի կողմից, նման որոշում կայացնելու ժամանակ գիտակցել եմ Ադրբեջանում և այլ տեղերում խնդիրների ծագման հավանականությունն ու հնարավորությունը, բայց ոչ ոք ինձ չէր խանգարել ու չէր կարող խանգարել նման որոշում կայացնելու համար»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 4-ին նախագահ Արայիկ Հարությունյանը Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր ստորագրեց և այդ պաշտոնում նշանակեց Ռուբեն Վարդանյանին:

Գուրգեն Ներսիսյանը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվել էր Արցախի Ազգային Ժողովի 2021-ի փետրվարի 11-ի նիստում։