Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել և այդ պաշտոնում նշանակել Ռուբեն Վարդանյանին:
Փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1. առողջապահության նախարար,
2. արդարադատության նախարար,
3. արտաքին գործերի նախարար,
4. գյուղատնտեսության նախարար,
5. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
6. սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,
7. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
8. քաղաքաշինության նախարար,
9. ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
• պետական վերահսկողական ծառայության պետի,
• կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
• նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
• պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
• պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
• ջրային կոմիտեի նախագահի:
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը պետական նախարար էր նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին։ Մինչ այդ նա ղեկավարում էր նախագահի աշխատակազմը։