ԳլխավորԼուր

Արցախցի երեխաները դասի կգնան Սյունիքի մարզում

Դասարան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։

Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։

Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։

Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։