ՀՀ կառավարությունը կփոխհատուցի նաև արցախցի այն ուսանողների ուսման վարձը, որոնք մինչև սեպտեմբերի 19-ը եղել են ու շարունակում են լինել ՀՀ բուհերի ուսանող։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք երկու խումբ ուսանողներ ունեինք, որոնց վարձավճարներն արել են կա՛մ ծնողները, կա՛մ ԼՂ իշխանությունները, որոնց ֆինանսավորումը հայտնի պատճառներով դադարեցվել է։ Այս ուսանողների դեպքում կրթության իրավունքի վերականգնման խնդիր մենք չունենք, սակայն ունեինք ֆինանսական աջակցության կոնկրետ խնդիր»,– ընդգծեց նախարարը։
Խոսքը 935 ուսանողի մասին է, որոնցից 860–ը բուհական համակարգում են սովորում, 75–ը` միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում։
«Նրանք այն ուսանողներն են, որոնք ՀՀ կառավարության նախորդ որոշումներից դուրս էին մնացել, քանի որ նախորդները վերաբերում էին այն ուսանողներին, որոնք ԼՂ բուհերի ուսանողներ էին ու կրթության շարունակության խնդիր ունեին»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է առաջին կիսամյակի ուսման վարձը` մոտ 264 մլն դրամ։
Այն ուսանողներ, որոնք արդեն իսկ կատարել են վճարումները, պետք է բուհերից պահանջեն վերադարձել գումարը։
Հաստատված կարգով ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով.
1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից ( ՄՈԳ),
2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:
Նախարարը նաև հիշեցրել է, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել էր սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ այդ խմբի ավելի քան 1800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում, իսկ ավելի քան 1100 ուսանող՝ քոլեջներում և ուսումնարաններում:
Նշենք, որ ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր (չհաշված սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերին)։
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո որոշվեց զինաթափել Արցախի ՊԲ ստորաբաժանումները։
Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը 101 848 է: Նրանցից շուրջ 30 հազարն անչափահասներ են, որոնցից 8 հազարը նախադպրոցական տարիքի, ավելի քան 21 հազարը` դպրոցական տարիքի երեխաներ, մոտ 4600-ը՝ ուսանողներ։