ԳլխավորԼուր

Ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու շտապօգնության մեքենաներով Արցախից տեղափոխում են ՀՀ

Կարմիր խաչի ավտոմեքենաներն Արցախում

Շտապօգնության մեքենաներով Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր վիրավորներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենաներն արդեն անցել են Հակարիի կամուրջը։

Գերատեսչությունից խոստանում են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։

Սեպտեմբերի 22-ին Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։