ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն նոր խմբագրությամբ կանոնադրություն ունի. Պապիկյան

ԵՊՀ ռեկտոր Արմեն Հովհաննիսյան, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան

ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարևոր որոշումներ, նշված է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջում։

«Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։

Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։

Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ»,-հայտնել է Պապիկյանը։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ պետք է արձանագրել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում բուհի կանոնադրությունը փոխվեց և կառավարումը կենտրոնացվեց օրվա իշխանության ձեռքում.

«Որոշմանը դեմ քվեարկեցին հոգաբարձուների խորհրդի միայն ուսանող անդամները, կրկնում եմ՝ միայն ուսանողները, իսկ տարիներ շարունակ բուհական ինքնավարության կարևորության մասին թմբկահարողները կլռեն, որպեսզի շարունակեն պաշտոններ զբաղեցնել»։