Արցախյան պատերազմ-2020ԳլխավորՀայաստանս

Հուշ-ցերեկույթ ԵՊՀ-ում՝ զոհված ուսանող Արտակ Ստեփանյանի հիշատակին. տեսանյութ

ԵՊՀ սոցիոլգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված ֆակուլտետի զոհված ուսանող Արտակ Ստեփանյանին:
Հուշ-ցերեկույթը կազմակերպել էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Արտակ Ստեփանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու ուսուցիչները, ինչպես նաև ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը, որից հետո Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը հանդես եկավ ելույթով:

Վերջինս նշեց, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս համալսարանականներն ակտիվորեն մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մարտական գործողություններին և ունեցել ցավալի կորուստներ:

Ցավոք սրտի, կորուստներից անմասն չի մնացել նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետը, որն այս պահին ունի երկու նահատակված և մեկ անհետ կորած ուսանող:

Դեկանը ցավակցական խոսքեր ասաց անմահ հերոսների ընտանիքների անդամներին և հարազատներին՝ նշելով, որ նրանց հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում. «Մեր պարտքը պետք է լինի հերոսների հիշատակը սերնդեսերունդ փոխանցելը»:

Արթուր Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց Արտակ Ստեփանյանի ընտանիքին՝ հայրենիքի համար հերոս դաստիարակելու և մեծացնելու համար:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈԻԽ նախագահ Էլինա Արիստակեսյանը ներկաներին պատմեց Արտակ Ստեփանյանի ուսանողական կյանքի և Ուսխորհրդում դրսևորած պատրաստակամության, օրինակելի վարքի մասին. «Արտակ Ստեփանյանի կորուստը ցավալի ու չամոքվող կորուստ է, դժվար է նրա մասին անգամ անցյալով խոսելը, բայց նա մեր սրտում կմնա որպես անսահման բարի անձնավորություն ու լավ ուսանող»:

Ելույթով հանդես եկավ նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Արտակ Ստեփանյանի մասին խոսեցին նրա ուսուցիչները, դասախոսներն ու ընկերները:

Իսկ Արտակ Ստեփանյանի նկարն իր ուրույն տեղը գտավ լսարանի պատին: Նախատեսվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԽ սենյակն անվանակոչել նրա անվամբ:

Comment here