Այսօր Ուսանողների միջազգային օրն է։ Չնայած դրան՝ բազմաթիվ երկրներ ունեն իրենց «տեղական» ուսանողական տոնն ու այն նշելու ինքնատիպ ձևերը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Ֆինլանդիա
Վապպուի ուսանողական տոնը նշվում է մայիսի 1-ին: Այս օրը ճեմարանն ավարտած երիտասարդները ստանում են ուսանողական գլխարկներ՝ որպես մեծահասակների կյանքի նոր փուլ անցնելու խորհրդանիշ: Ավանդույթի համաձայն ՝ Վապպուի տոնակատարությունը սկսվում է նախօրեին ՝ ապրիլի 30-ին, երկրի նախագահի շնորհավորանքով։ Հելսինկիում անցկացվում են ուսանողական տոնակատարություններ, որոնք բացվում են Հելսինկիի խորհրդանիշ Հավիս Ամանդայի արձանի գլխին ուսանողական գլխարկ դնելու արարողությամբ: Արձանի գլուխը նախապես լվանում են։ Արձանի համար հատուկ պատրաստված 85 սանտիմետր շրջագծով գլխարկը դնելու պատիվն ամեն տարի մի բուհից անցնում է մյուսին։
Ռուսաստան
Ռուսաստանում ուսանողների կամ Տատյանայի օրը նշվում է հունվարի 25-ին։ 1755 թ. հունվարի 12-ին (նոր տոմարով՝ 25-ին-խմբ.) կայսրուհի Ելիզավետա Պետրովնան հրամանագիր է ստորագրում Մոսկվայի համալսարանի հիմնադրման մասին, որն էլ առիթ է դարձել ուսանողների տոնական օրվա «առաջացմանը»։ 19-րդ դարի 60-70-ական թվականներին ուսանողների հովանավոր սուրբ Տատյանայի օրը վերածվում է ոչ պաշտոնական ուսանողական տոնի, որը նշվում էր շատ աշխույժ ու աղմկոտ։
Նախ պաշտոնական մասն էր Մոսկվայի համալսարանում՝ պարգևների բաշխմամբ և ելույթներով, ապա հաջորդում էր ժողովրդական տոնախմբությունը, որին մասնակցում էր գրեթե ամբողջ մայրաքաղաքը։ Ի դեպ, սկզբում այս տոնը նշվում էր միայն Մոսկվայում։ Ի դեպ, տոնախմբությունների մեկնարկից առաջ բազմաթիվ ուսանողներ իրենց վրա անպայման կրում էին տան հասցեով գրություն, որպեսզի հարբելու դեպքում նրանց իմանան՝ ուր տանել։
ԱՄՆ
Ավելի քան հարյուր տարի փետրվարին Հարվարդի համալսարանում անցկացվում են թատերական տոնակատարություններ, որոնք կոչվում են «Hasty Pudding» ի պատիվ այն ուտելիքի, որը 1795 թվականից ի վեր բերվել է ուսանողական ակումբի ժողովներին, որը կոչված է «զարգացնել հանրային համակրանքներն ու արժեքները, բարեկամության և հայրենասիրության զգացմունքները»: Այս տոնը համարվում է ԱՄՆ-ի ամենամասշտաբային և զվարճալի ուսանողական դիմակահանդեսներից մեկը, որի ժամանակ նաև երթ է անցկացվում։ Այդտեղ և տղամարդկանց, և կանանց դերերը կատարում են տղամարդիկ, ինչպես ընդունված էր այն ժամանակ, երբ Հարվարդը բացառապես «տղայական» համալսարան էր։
Հունաստան
Հունաստանում նոյեմբերի 17 -ին նշվում է Պոլիտեխնիոն ուսանողական տոնը, որը 1973 թվականի ուսանողական բողոքի ակցիաների տարելիցն է ընդդեմ «սև գնդապետների» ռազմական խունտայի, որոնք դաժանորեն ճնշվել են զինվորականների կողմից: Հարյուրավոր ուսանողներ ձերբակալվել են, 24 մարդ սպանվել է, ավելի քան հազար մարդ վիրավորվել է, չնայած պաշտոնական տվյալներով՝ զոհեր ընդհանրապես չեն եղել: Ժողովրդավարական կառավարության վերականգնումից հետո Պոլիտեխնիոնի զոհերին հռչակեցին նահատակներ։ Այս օրը, ավանդույթի համաձայն, հազարավոր մարդիկ ծաղկեպսակներ են բերում այդ իրադարձությունների մասնակիցների գերեզմաններին և հուշարձաններին: Ուսանողները կազմակերպում են հանրահավաքներ և ցույցեր, որոնց նպատակն է պաշտպանել ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները:
Պորտուգալիա
Մայիսին Պորտոյում և Կոիմբրայում տեղի է ունենում Քեյմա (ժապավենի այրում) մեծ ուսանողական տոնակատարությունը: Քեյման սկսվում է կեսգիշերին՝ պորտուգալացի թագավորներից մեկի հուշարձանի մոտ սերենադների ընդհանուր կատարմամբ: Քաղաքային զբոսայգում ելույթ են ունենում երաժշտական խմբեր։ Տոնի գագաթնակետը ուսանողների երթն է, որն անցնում է ամբողջ քաղաքով: Յուրաքանչյուր համալսարան ներկայանում է իր համազգեստով, բոլոր մասնակիցները «իրենց» ժապավեններով թղթապանակներ են պահում և շարժվում վառ գույներով զարդարված բեռնատար մեքենայի կողքով։ Բացի շրջանավարտներից. նրանք նստում են թափքում։ Մարզադաշտում տեղի է ունենում եկեղեցական արարողություն, ապա հանդիսավորությամբ այրվում են բուհերի ժապավենները։
Դանիա
Դանիացի ուսանողները նախընտրում են տոներն անցկացնել ամենամտերիմ և հավատարիմ ընկերների շրջապատում։ Սովորաբար ցերեկը նրանք հավաքվում են ինչ-որ մեկի տանը, կատակում, կիթառ նվագում, երգում, իսկ երեկոյան խմփով գնում են բար: Ալկոհոլային խմիչքներից դանիացիները ամենից հաճախ նախընտրում են գարեջուրը՝ փորձելով տոնը դարձնել հաճելի և չափավոր զվարճալի: Հետաքրքիր ավանդույթ կա գիմնազիայի շրջանավարտների ուսանողների շրջանում: Ավարտական օրը շրջանավարտի ընտանիքում վարձում են բեռնատար հիշեցնող մեծ մեքենա և ամբողջ երեկո շրջում փողոցներով։ Մեքենայում ընտանիքի բոլոր անդամները երգում են, որից հետո խնջույքը շարունակվում է տանը կամ բարում։
Բելգիա
Այստեղ ուսանողները ուրախ են ցանկացած ուսանողական տոնի համար. քննաշրջանի հաջող ավարտն արդեն լավ առիթ է ընկերների հետ հանդիպելու համար: Բելգիայում սիրում են հավաքվել վաղեմի ծանոթներով, հիմնականում՝ 7-8 հոգով։ Տոների ամենատարածված վայրը բարերն են: Ի տարբերություն այլ երկրների ուսանողների ՝ բելգիացիներն այնքան էլ չեն սիրում երգել, փոխարենը շատ են սիրում ժամանակակից երաժշտություն լսել։
Բուլղարիա
Բուլղարիայում ուսանողներն իրենց տոնը նշում են դեկտեմբերի 8-ին: Այս ամսաթիվը կապված է Սոֆիայի Կլեմենտ Օխրիդսկու անվան համալսարանի պատմության հետ։ 1903 թ.-ին, երբ Սոֆիայի համալսարանը Բուլղարիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, բուհին առընթեր ակադեմիական խորհուրդը որոշեց դեկտեմբերի 8-ը հայտարարել համալսարանի հովանավոր տոն: Ըստ եկեղեցական օրացույցի, հենց այդ ժամանակ էր նշվում Սուրբ Կլեմենտ Օխրիդսկու օրը։ 1944 թվականից հետո ուսանողական տոնը տեղափոխվեց նոյեմբերի 17 (ուսանողների միջազգային օր): Բայց 1962 թվականին Սոֆիայի համալսարանի 80-ամյակի կապակցությամբ տոնը վերադարձվեց հին ամսաթվին։ Այդ օրը Բուլղարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները փակ են, և ուսանողներն իրենց տոնը նշում են աղմկոտ ընկերախմբերում:
Հավելենք, որ Հայաստանում որպես Ուսանողների և երիտասարդների օր նշվում է նաև մայիսի 16-ը։