ԳլխավորԼուրԿրթություն

Ուսանողներին թույլ չեն տալիս մասնակցել քննությունների՝ ուսման վարձը չվճարելու պատճառով. Աննա Կոստանյան

Վարձավճարների պատճառով, մասնավորապես ԵՊՀ-ում, բազմաթիվ ուսանողներ չեն մասնակցում քննություններին, նաեւ զանգեր են ստանում ռեկտորատից՝ վճարելու պահանջով եւ սպառնալիքներով։

Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա անդրադարձավ  կառավարության՝ ուսանողներին աջակցության ծրագրերին նշելով, որ այդ ծրագրերը հիմնականում նախատեսված էին բարձր ՄՈԳ ունեցողների համար, սակայն կան ուսանողներ, ովքեր բավական բարձր առաջադիմություն ունեն, վճարովի համակարգում են սովորում եւ չեն ընկնում արտոնություն ստացողների ցանկ, բայց եւ չեն կարողանում արտոնյալ պայմաններով վարկ ստանալ, քանի որ բանկերում համատարած մերժում են ստանում, ենթադրաբար՝ ծնողների վարկային վատ պատմության պատճառով։

Աննա Կոստանյանը միջնորդություն է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ուսանողներին հնարավորություն տալ մասնակցել քննություններին եւ դուրս չմնալ բուհից։

Ըստ Աննա Կոստանյանի՝ առաջարկվում է նաեւ տարկետում վերցնել, բայց բարձր առաջադիմությամբ ուսանողի համար դա անթույլատրելի է։

«Պետք է հնարավորություն տալ ուսանողին եւ անհատական վճարային քարտեզ կազմել յուրաքանչյուրի համար», նշեց պատգամավորը՝ որպես դրական օրինակ ներկայացնելով Երեւանի բժշկական համալսարանի մոտեցումը։

 

Comment here