ԳլխավորԼուր

Սերբիայում ուսանողները ցույց են անցկացրել հանրային հեռարձակողների շենքերի առջև

Սերբիայում ուսանողները ցույց են անցկացրել հանրային հեռարձակողների շենքերի առջև

Սերբիայում ուսանողները ապրիլի 14-ի ուշ երեկոյան ցույցեր են կազմակերպել Բելգրադում և Նովի Սադում հանրային հեռարձակողների շենքերի առջև:

Ուսանողները ազգային հեռարձակողներին՝ Սերբիայի ռադիոհեռուստատեսությանը (RTS) Բելգրադում և Վոյվոդինայի ռադիոհեռուստատեսությանը (RTV) Նովի Սադում, մեղադրում են իրենց շարժումն ու բողոքի ակցիաներն անտեսելու մեջ:

Սերբիայում ուսանողների և ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2024 թ. նոյեմբերին, երբ 15 մարդ զոհվեց Նովի Սադում երկաթուղային կայարանի կառամատույցում  տեղի ունեցած փլուզման հետևանքով: Ցուցարարները պահանջում էին կայարանի վերակառուցման վերաբերյալ ամբողջական փաստաթղթերի հրապարակում, քրեական պատասխանատվություն ողբերգության մասնակից պաշտոնյաների նկատմամբ և հետապնդումից ազատում բողոքի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին:

Հակակառավարական ցույցերից երեք ամիս անց հրաժարական տվեց վարչապետ Միլոշ Վուչևիչը։

2025 թ. մարտի 9-ին բողոքի ակցիայի մասնակիցները բաց նամակ են հղել Սերբիայի քաղաքացիներին՝ կոչ անելով ամբողջությամբ փոխել երկրի կառավարման համակարգը։

Այսօր խորհրդարանի արտահերթ նիստ է նշանակվել նոր կառավարության անդամների ընտրության նպատակով։