Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը հրաժարական է տվել երկրում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում են սերբական լրատվամիջոցները։
Սերբիայում ուսանողների և ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները սկսվել էին 2024 թ. նոյեմբերին, երբ 15 մարդ զոհվեց Նովի Սադում երկաթուղային կայարանի կառամատույցում տեղի ունեցած փլուզման հետևանքով: Ցուցարարները պահանջում էին կայարանի վերակառուցման վերաբերյալ ամբողջական փաստաթղթերի հրապարակում, քրեական պատասխանատվություն ողբերգության մասնակից պաշտոնյաների նկատմամբ և հետապնդումից ազատում բողոքի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին:
Իշխանությունները կարծում են, որ բողոքի ցույցերի նպատակը կառավարության և նախագահ Ալեքսանդր Վուչիչի տապալումն է: Վուչիչի խոսքով՝ չորս տարվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներ, միավորումներ, կուսակցություններ և կազմակերպություններ արտերկրից ստացել են 426 միլիոն եվրո, իսկ հունվարին նա արդեն նշել է մոտ մեկ միլիարդ եվրո թիվը:
Միլոշ Վուչևիչը Սերբիայի վարչապետն էր 2024 թ. մայիսի 2-ից։