ԳլխավորԼուրԿրթություն

Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է ուսման վարձավճարների խնդիրներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Քաղաքացին հարցնում էր, թե ինչպես ուսանողները վճարեն վարձը, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են գումար վաստակելու հնարավորությունից: Միգուցե հնարավոր լինի որոշակի առումով փոխհատուցե՞լ այդպիսի ուսանողների ուսման վարձը:

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունը: Նախարարն առաջարկել է, որ բուհերը մինչև արտակարգ դրության ավարտը և դրանից հետո ևս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն, որից հետո յուրաքանչյուր ուսանողի հետ կկազմվի ուսման վարձ վճարելու անհատական գրաֆիկ: Միևնույն ժամանակ, նախարարը կոչ է արել ուսանողներին, ովքեր գումարի վճարման խնդիր չունեն, վճարեն, որ դասախոսներն աշխատավարձ ստանան:

«Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից:  Սիրելի ուսանողներ լավ սովորեք, լավ ցուցանիշներ ունեցեք, և մենք կապահովենք, որ վարձի պատճառով որևէ մեկը դուրս չմնա բուհից: Սա է իմ խորհուրդը և խնդրանքը»,-նշել է վարչապետը:

Comment here