ԳլխավորԼուրԽճանկար

Օգտակար խորհուրդներ ԱՀԿ-ից՝ մեկուսացվածներին եւ ինքնամեկուսացվածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական գրասենյակի ղեկավար Ժոաո Բրեդան RT-ին տված հարցազրույցում նշել է մի քանի կանոններ, որոնք կօգնեն պահպանել ֆիզիկական վիճակն ու արդյունավետությունը ինքնամեկուսացման ժամանակ։

Առաջին հերթին նա խորհուրդ է տվել օրվա ընթացքում անպայման ֆիզիկապես ակտիվ ընդմիջումներ անել՝ լինի դա աշխատանք այգում, պար, տնային աշխատանքներ թե խաղ՝ երեխաների հետ։

Հեռախոսով խոսելիս Բրեդան խորհուրդ է տալիս քայլել սենյակում եւ մեկուկես ժամից ավելի անընդմեջ նստած չմնալ։

Նա հիշեցրել է, որ մարդուն շաբաթական անհրաժեշտ է առնվազն 75 րոպե մեծ ինտենսիվության կամ 150 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Այդ նորմերը, ըստ Բրեդայի, կարելի է պահպանել նաեւ տնից դուրս չգալով  եւ առանց հատուկ մարզական սարքերի։

Ժոաո Բրեդա

ԱՀԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել նվազեցնել աղի, շաքարի եւ յուղի, ավելացնել՝ բանջարեղենի, մրգերի, լոբազգիների եւ ցորենազգիների, այդ թվում՝ հնդկաձավարի օգտագործումը։

Հարկավոր է նաեւ շատ ջուր խմել եւ հրաժարվել ալկոհոլային խմիչքներից։

«Ալկոհոլը չի օգնում, ընդհակառակը՝ նույնիսկ վնասում է։ Այն ազդում է հոգեկան վիճակի վրա, կախվածություն է առաջացնում եւ վնասում է առողջությանը»,-նշել  Բրեդան։

Հուզական կայունության պահպանման համար նա խորհուրդ է տվել աջակից լինել հարազատներին հատկապես ինքնամեկուսացման այս օրերին՝ հավելելով, որ համատեղ պայքարը վիրուսի դեմ կստեղծի համերաշխության մթնոլորտ տանը, թաղամասում եւ քաղաքում։

Հավելենք, որ նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս կամ այն աստիճանի ինքնամեկուսացման մեջ է աշխարհի բնակչության գրեթե կեսը։

Այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվն աշխարհում մոտենում է 1 միլիոն 300 հազարի։ Մահացել է գրեթե 71 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 272 հազարը։

usanogh.am

Ըստ RT-ի

 

Comment here