ԳլխավորԼուր

Ուսանողական ցույցեր Սերբիայում. տասնյակ հազարավոր մարդիկ միանում են դրանց

Սերբիայում տասնյակ հազարավոր մարդիկ միանում են ուսանողական ցույցերին

Դեկտեմբերի 22-ին սերբերը կրկին դուրս են եկել երկրի մայրաքաղաք Բելգրադի փողոցներ՝ ի նշան գործող կառավարության դեմ բողոքի, հայտնում է Deutsche Welle-ն։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է մոտ 29 հազար մարդ։ Սերբիայի կառավարությունը ճնշման տակ է գտնվում երկրի ողջ տարածքում յոթ շաբաթ շարունակվող բողոքի  ցույցերից հետո՝ ի պատասխան նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի կառամատույցում բետոնե ծածկի փլուզման, որի հետևանքով 15 մարդ է զոհվել։  Ցուցարարները տանիքի փլուզման մեջ մեղավոր են համարում համատարած կոռուպցիան եւ երկաթուղային կայարանի շենքում անփույթ աշխատանքները, որը վերջին տարիներին երկու անգամ վերանորոգվել է չինական պետական ընկերությունների մասնակցությամբ նախագծերի շրջանակներում:

Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ձերբակալվել է մոտ 13 մարդ, այդ թվում՝ 1 նախարար: Սակայն ավելի ուշ նախարարի ազատ արձակումը մեծացրել է հանրության թերահավատ վերաբերմունքը հետաքննության նկատմամբ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը արհամարհանքով է վերաբերվել բողոքի ցույցերին՝ շաբաթ օրը հայտարարելով, որ իրեն «իրականում չեն հուզում» բողոքի ակցիաները՝ իր ընդդիմախոսներին մեղադրելով իշխանության գալու նպատակով ուսանողներին մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Սակայն նա կիրակնօրյա բողոքի ակցիան անվանել է «զգալիորեն մեծ հավաք»՝ նշելով, որ «պատրաստ է» լսել ցուցարարների պահանջները:

Կիրակնօրյա բողոքի ակցիան, ինչպես նախորդ շաբաթներին, կազմակերպվել էր ուսանողների կողմից, սակայն կիրակի օրը դրան աջակցել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ֆերմերների արհմիությունները, դերասաններն ու մանկավարժները: Ակցիան սկսվել է 15 րոպե լռությամբ ՝ ի հիշատակ Նովի Սադի երկաթուղային կայարանում 15 զոհերի:

Բելգրադի Սլավիա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը համարվում է վերջին տարիների խոշորագույններից մեկը, որն ուղղված Է Վուչիչի իշխանության դեմ: Ի պատասխան բողոքի շարժման՝ Սերբիայի կառավարությունը երկարացրել է դպրոցներում ձմեռային արձակուրդները՝ դրանք սկսելով գրեթե մեկ շաբաթ շուտ: Իշխանությունները նաև խոստացել են տարբեր սուբսիդիաներ երիտասարդների համար՝ փորձելով ճնշել հանրային դժգոհությունը: