Արաքս Սահակյանը սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Արաքսը նաև աշխատում է և վայելում մայրության բերկրանքը: Արաքսի որդին ծնվել է այն ժամանակ, երբ նա ավարտում էր բակալավրիատը: Սակայն դժվարությունները չեն խանգարել ու վախեցրել ԵՊՀ ուսանողուհուն, որպեսզի նա ուսումը շարունակի: Ներկայացնում ենք Ysu.am-ի անդրադարձը։
— Արաքս, ինչպե՞ս հայտնվեցիք ԵՊՀ-ում:
— Դեռ դպրոցում, երբ հազիվ էի գիտակցում, թե ինչ է բուհը, ինչ է նշանակում այդ հապավումը, ուսուցչուհիս հարցրեց` ի՞նչ ես դառնալու, հպարտորեն պատասխանեցի, որ լավ եմ սովորում ու պետք է ամենալավ մասնագիտությունն ընտրեմ, պետք է բուհում սովորեմ: Տարիներն անցան, բուհն էլ դարձավ ԵՊՀ։ Ի դեպ, ընդունելության ժամանակ, երբ պետք է լրացնեի դիմում-հայտը, մտերիմներիս խորհրդով նաև այլ համալսարան էի նշել ու հավաքածս միավորներով կարող էի անվճար սովորել հենց այնտեղ, բայց միևնույնն է չկարողացա դեմ գնալ սկզբունքներիս ու գերադասեցի թեկուզ վճարովի կամ հեռակա սովորել իմ ընտրած համալսարանում ու իմ սրտի ֆակուլտետում։
Երբեք չեմ փոշմանել այս որոշման համար, իսկ ուսումնառության ամեն օրվա, ստացած ամեն գիտելիքի ու հսկայական էներգիայի հետ էլ ավելի եմ համոզվել որոշմանս ճշմարտացիության հարցում։ Իսկապես ստացված եմ համարում կյանքիս ամենագունեղ շրջափուլը ու գիտակցում, որ այն ամենավճռորոշն է յուրաքանչյուրիս կյանքում։
— Ինչպե՞ս եք ուսումը համատեղում ընտանեկան կյանքի հետ: Ի՞նչ դժվարություններ են ի հայտ գալիս:
— Ցանկացած պարագայում էլ միշտ կան դժվարություններ, բայց դրանք երբեք անհաղթահարելի չեն։ Բալիկս ծնվել է ավարտական աշխատանքիս նախապաշտպանության օրը։ Թվում էր՝ չպետք է շարունակեմ ուսումս, քանի որ նաև աշխատում էի, բայց «շնորհիվ» այն մարդկանց, որոնք ասում էին՝ չես կարող, մի վայրկյան անգամ չեմ տարակուսել ու դիմել եմ մագիստրատուրայում ուսումս շարունակելու համար։ Ավելին՝ երեք օրական էր բալիկս, երբ կրկին աշխատում էի, իհարկե տնից։ Կարծում եմ՝ մարդ միշտ ու ցանկացած բան կարող է հասցնել, և որքան շատ ես զբաղված, այնքան ավելի արդյունավետ ես օգտագործում ժամանակդ։
Ինձ համար շրջապատիս «չես կարող»-ը միշտ շարժառիթ է դառնում հաղթահարելու ամեն դժվարություն ու չթերանալու ոչ մի հարցում։
— Ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունեք:
— Երազանքներ դժվար կարողանամ նշել, քանի որ կարծում եմ՝ իրականում երազանք է ինքնին այն, ինչն այդպես էլ չի իրականանում։ Եթե ցանկանում ես իսկապես հասնել որևէ բանի, պետք այն դարձնես նպատակ քեզ համար, հստակ գծես դրան հասնելու քայլերդ ու քայլ առ քայլ իրագործես այն։ Ես նպատակ եմ ունեցել կրել ԵՊՀ ուսանողի կոչումը, պատվով ստանձնել այն, ստանալ հենց այս կրթությունը, տեսնել ուսուցիչներիս, դասախոսներիս, ծնողներիս, ընտանիքիս անդամների ու շրջապատիս գոհունակությունը։
Իհարկե, դեռ շատ նպատակներ ունեմ, որոնցից մեկը միգուցե դառնա սիրելի ԵՊՀ-ից չհեռանալը, բայց առաջնային նպատակս կայանալն է որպես մարդ, որպես լավ մասնագետ, արժանի մայրիկ, և, որ ամենակարևորն է, ամեն պահ վերանայելով անցած ուղիս՝ գիտակցել, որ կյանքը տանուլ չեմ տալիս, որ շարունակում եմ պատասխանատու լինել և մնալ ամեն քայլիս համար:
— Ձեր խորհուրդն ու մաղթանքն ուսանողներին:
— Երևի թվում է, թե պիտի ասեմ` լավ սովորեք, մնացածը երկրորդական է, չէ՞ (խմբ. ժպտում է): Իհարկե, եթե ընտրել ես ուսանող լինելու ճանապարհը, պարտավոր ես պատվով անցնել այն, բայց սովորելուց զատ, ոչ պակաս կարևոր է ուսանողական կյանքը վայելելը` իհարկե թույլ չտալով, որ այն խանգարի զարգացմանդ, որպես մարդ կայանալուդ։
Բազմաթիվ ընկերներ, ծանոթություններ, պահեր, որ հետո հիշելու ես ու ասես՝ չեմ հավատում, որ դա ես եմ եղել, որ այդպիսինն էլ եմ եղել։ Ինձ էլ եթե ժամանակին ասեին այս մասին, հիմա չէի ափսոսի, որ գոնե մի անգամ չեմ փախել դասից (խմբ. ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է ասեմ, որ ուսանողական կյանքը կյանքի ամենասիրուն ու հետաքրքիր շրջանն է, և աններելի է ունենալ թեկուզ մեկ բաց թողնված վայրկյան այդ խելահեղ տարիներից։