ԳլխավորԼուր

ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ դպրոցը ճանաչվել է աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի, տեղեկացնում են «Dasaran» կրթական ծրագրի հաղորդակցության բաժնից։

«World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրեց համաշխարհային World’s Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։

Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։ Հաղթող դպրոցների անունները կհարապարակվեն ս․թ հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 50,000 դրամական պարգև։

Հավատացած ենք, որ մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։