ԳլխավորԼուր

Գյուղերի ուսուցիչները հավելավճարներ կստանան․ նախարարությունը փորձում է մեղմել ուսուցիչների պակասը

Դպրոց՝ Արցախում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է հաստատել Հայաստանի գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանման ֆինանսավորման կարգը։

Հիմնավորումը հետևյալն է՝ լրացնել բացակա ուսուցչի՝ տարիներով չհամալրվող հաստիքը, նպաստել ուսուցչի ֆինանսական վիճակի բարելավմանը: Նշված է նաև, որ վարձատրության բարձացված հստակ չափաքանակը կխթանի որևէ առարկայի բացակա ուսուցչի մուտքը հաստատություններ՝ նպաստելով սովորողի կրթություն ստանալու իրավունքի իրացմանը:

«ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական դպրոցների բոլոր ուսուցիչներին հավելավճար տրամադրելու արդյունքում կհամալրվեն հատկապես արհեստ, արվեստ բնագավառների և ԲՏՃՄ ոլորտի առարկաների ուսուցիչների թափուր տեղերը, ինչպես նաև բոլոր ուսուցիչների համար կապահովվի ֆինանսական որոշակի բարելավում, որովհետև այդ դպրոցներում ուսուցիչները 1 դրույք ծանրաբեռնվածություն գրեթե չեն ունենում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022-23 ուսումնական տարում Հայաստանում հանրակրթական դպրոցների ուսուցիչների թվաքանակը 30 200 է (27 022-ը կանայք են), համեմատած նախորդ 5 տարվա հետ այդ թիվը նվազել է 1171-ով։

Ուսուցիչների թիվը նվազել է մարզերում։ Երևանում այն ավելացել է 287-ով։ Կոտայքի մարզը միակն է, որ ուսուցիչների թվի չնչին ավելացում է եղել։ Այս մարզում ուսուցիչների թիվը 5 տարում աճել է 7-ով։ Մյուս մարզերում ուսուցիչների թիվը նվազել է։

Հավելենք, որ հանրային  քննարկման շրջանակում նախագծին կողմ է քվեարկել 75%-ը, դեմ՝ 25%-ը։