ԳլխավորԼուր

Մեծահասակների ուսումնառության վերաբերյալ հետազոտական նախագծեր ԵՊՀ-ում

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը մեկնարկել են ծրագիր, որի ընթացքում ԵՊՀ դասախոսների ղեկավարությամբ ուսանողական խմբերը կատարելու են հետազոտություններ մեծահասակների ուսումնառության և կրթության տարաբնույթ խնդիրների վերաբերյալ, հայտնում են Մայր բուհից:

Ի սկզբանե հայտարարված մրցույթին դիմել են 9 թիմեր՝ տարբեր ֆակուլտետներից, որոնցից հավանության են արժանացել և ֆինանսավորվելու են 5-ը: Թեմաները վերաբերում են ՀՀ-ում մեծահասակների կրթության վերաբերյալ հոգեբանական դիրքորոշումներին և սոցիալական ընկալումներին, ՀՀ-ում «թվանշային խզվածքի» բովանդակությանը, ՀՀ երիտասարդների մասնակցությանը ոչ ֆորմալ կրթության դասընթացներին և այլն:

Ընտրված 5 թիմերը հանդիպել են ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանի, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգի և ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանի հետ, որոնք ներկայացրել են մեծահասակների ուսումնառության ու կրթության հայեցակարգը, կազմակերպության հիմնադրման պատմությունը և ծրագրերը, թիմերի գործողությունների հաջորդականությունը, իսկ թիմերը ներկայացրել են իրենց հետազոտական նախագծերի թեմաներն ու մանրամասները:

Հետազոտությունները կկատարվեն մի քանի ամսվա ընթացքում, իսկ արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին կայանալիք համաժողովին, որի շրջանակում կանցկացվեն նաև թեմատիկ աշխատարաններ, պանելային քննարկումներ և այլ միջոցառումներ:

Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվում՝ 2022 թ. «Մեծահասակների կրթության 7-րդ միջազգային համաժողով»-ում Մարաքեշի գործողությունների շրջանակի ընդունման համաձայն, ըստ որի՝ ավելի քան 140 երկրների ներկայացուցիչներ պարտավորվել են կատարել քայլեր մեծահասակների ներգրավվածությունը ուսուցման գործընթացում մեծացնելու և նրանց կրթության ոլորտում ներդրումներն ավելացնելու ուղղություններով:

Մանրամասները՝ տեսանյութում։