ԳլխավորԼուր

Կառավարության որոշումն անընդունելի է իրավական և բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից. ԵՊՀ

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.

ա)  Մեր խորին համոզմամբ՝ որոշումը հակասահմանադրական է և հակաօրինական ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի տեսանկյունից, քանի որ ուղղված է բացառապես մեկ ոչ իրավաչափ նպատակի՝ իշխանությունների կողմից անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես և առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ: Խորհուրդը որոշումը դիտարկում է որպես ԵՊՀ-ի դեմ վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հետևողական և անթաքույց պայքարի հերթական դրսևորում։

բ) Որոշման ընդունումը համարում ենք նաև բարոյական նորմերի կոպիտ խախտում՝ նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանի վարույթում է հանրապետության նախագահի կողմից վիճարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի` բուհերի ինքնավարության  իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Այս պայմաններում ավելի նվազ իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով` կառավարության որոշմամբ, օրենքի վիճարկվող դրույթները բուհերի համար էլ ավելի վատ պայմաններով կյանքի կոչելու նախաձեռնություն ակնհայտ արհամարհանք և անհարգալից վերաբերմունք է հանրապետության նախագահի, Սահմանադրական դատարանի և տվյալ օրենքի շահառու գիտակրթական ողջ հանրության նկատմամբ։

գ) Որոշման ընդունումն ուղեկցվել է իրավական և էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով. 2021 թ. ապրիլի 28-ին «e-draft.am» կայքում հրապարակելով նախագիծը և հանրային քննարկման ժամկետ սահմանելով մինչև մայիսի 14-ը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին գաղտնի, առանց նիստ հրավիրելու, գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում՝ փաստի առջև կանգնեցնելով բուհական ողջ համայնքին․ որոշման նախագիծը չի քննարկվել բուհերում, ավելին՝ այդ հաստատությունները նույնիսկ չեն տեղեկացվել իրենց իսկ կանոնադրություններում կատարվելիք փոփոխությունների մասին:

Դատապարտելով ՀՀ կառավարության նման գործելակերպը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը արձանագրում է, որ «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումն անընդունելի է իրավական և բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից․ դրա կիրարկումը խիստ վտանգավոր ազդեցություն կունենա հանրապետության գիտակրթական միջավայրի վրա և անդառնալի վնաս կպատճառի բուհերի բնականոն գործունեությանը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և դրան հրատապ լուծում տալու անհրաժեշտությունը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է.

• Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության նշված որոշման սահմանադրականությունն անհապաղ վիճարկելու խնդրանքով։

• Միջոցներ ձեռնարկել Վարչական դատարանում վիճարկելու ՀՀ կառավարության որոշման իրավաչափությունը։

Comment here