ԳլխավորԿրթություն

Այստեղ դու կարող ես խոսել քո դասախոսների հետ ցանկացած թեմայի վերաբերյալ. չեխ ուսանող

Չեխիայի Մասարիկի համալսարանի մագիստրանտ Յան Բորիլը «Էրազմուս+» կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակում ուսումնառում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Յան Բորիլի հետ ysu.am-ը զրուցել է ԵՊՀ-ում ստացած իր տպավորությունների, Հայաստանի և Չեխիայի կրթական համակարգերի տարբերության, ինչպես նաև ուսանողների մասին:

— Կպատմե՞ք Ձեր մասին: Որտե՞ղ եք սովորում: Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

— Ես Յան Բորիլն եմ Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքից, որն իմ երկրում մեծությամբ երկրորդ քաղաքն է: Այժմ սովորում եմ Մասարիկի համալսարանի մագիստրատուրայում՝ ուսումնասիրելով գեոինֆորմատիկա և քարտեզագրություն: Այս տարի ավարտելու եմ ուսումնառությունս: Բացի սովորելուց՝ ես մեծապես հետաքրքրված եմ բոլոր տեսակի սպորտաձևերով (վազք, հեծանվավազք, դահուկ և այլն) ու պարզապես տարված եմ լեռներով: Հայաստանում մնալու ընթացքում ես չէի կարող բաց թողնել հնարավորությունը՝ բարձրանալու Արագած և Արարատ:

— Ի՞նչ ծրագրով եք եկել ԵՊՀ, ինչքա՞ն ժամանակ է, որ գտնվում եք այստեղ:

— Ես այստեղ եմ «Էրազմուս+» կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում: Այն փոխանակման ծրագիր է, որն իրականացվում է ԵՄ-ի, ԵՊՀ-ի և Մասարիկի համալսարանի կողմից: Ես պետք է գայի դեռ նախորդ տարի, բայց «COVID-19»-ի ու դրանով պայմանավորված հեռավար կրթության պատճառով իմ փոխանակումը երկու անգամ հետաձգվեց: Ես այստեղ եմ եկել սեպտեմբերին, մեկնելու եմ հունվարին: Ի դեպ, ծրագիրը հասանելի է թե՛ հայ, թե՛ ԵՄ ուսանողների համար, և ես բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել ծրագրին:

— Կպատմե՞ք այստեղ ստացած Ձեր տպավորությունների մասին:

— Մինչև Հայաստան գալս ես որոշակի փորձառություն ու գիտելիքներ ունեի հետխորհրդային երկրների վերաբերյալ, ու արդեն որոշակի գաղափար կար ձևավորված, թե ինչ է պետք ակնկալել, բայց, այնուամենայնիվ, ես շատ բաներից զարմացել եմ: Օրինակ՝ այն, որ այստեղ ես իմ կուրսի միակ ուսանողն եմ, ինչը երբեք չի կարող պատահել Չեխիայում: Դա իհարկե պայմանավորված է իմ ֆակուլտետում «Էրազմուս+»-ի ծրագրով սովորող ուսանողների թվով: Ես միակն եմ, քանի որ միայն ես եմ ընտրել անգլերեն դասընթացներ:

— Որքանո՞վ են նման և տարբեր Հայաստանի ու Չեխիայի կրթական համակարգերը:

— Ինչպես արդեն նշեցի, ես մենակ եմ դասերի հաճախում, ուստի ինձ համար բարդ է համեմատություն անցկացնելը: Սակայն կարող եմ ասել, որ զարմացած եմ, թե ինչքան անձնական կարող են այստեղ լինել դասախոսների և ուսանողների միջև հարաբերությունները. ամեն ինչ արվում է, ոչինչ խնդիր չէ: Այստեղ դու կարող ես խոսել քո դասախոսների հետ ցանկացած թեմայի վերաբերյալ: Չեխիայում միշտ որոշակի «հեռավորություն» կա ուսանողի և դասախոսի միջև:

— Իսկ ի՞նչ տարբերություններ կամ նմանություններ եք նկատել հայ և չեխ ուսանողների միջև:

— Հայ ուսանողների հետ սահմանափակ շփումներ եմ ունեցել, հիմնականում գիտաժողովների կամ այն ժամանակ, երբ ինչ-որ թեմաներ եմ ներկայացրել: Չեմ կարող նրանց գիտելիքների վերաբերյալ հստակ ինչ-որ բան ասել, բայց իսկապես տպավորված եմ, թե ինչքան ակտիվ են նրանք: Այստեղ ուսանողները մշտապես շատ հարցեր են տալիս, փորձում իմանալ ավելին, ինչը փոքր-ինչ անսովոր է իմ երկրում:

— Ձեր մաղթանքը մեր ուսանողներին և աշխատակիցներին:

— Ես բոլորին մաղթում եմ հաղթահարել կորոնավիրուսային այս ժամանակահատվածը, որը, հուսով եմ, շուտով կավարտվի: Չմոռանաք, որ գիտելիքն ամենակարևորն է, որ դուք կարող եք ստանալ:

Քնար Միսակյան