ԳլխավորԼուր

Ուսուցիչները բողոքի ակցիա են արել. դժգոհում են աշխատավարձերից, ատեստավորումից

ԱԳՆ, ԿԳՄՍՆ. 08.04.2021

Այսօր Հայաստանի տարբեր դպրոցների մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության մոտ` նշելով, որ իրենց մի շարք աշխատանքային իրավունքներ պարզապես ոտնահարվում են: Նրանք բարձրաձայնել են կամավոր ատեստավորման հետ կապված խնդիրների, շաբաթ-կիրակի օրերին աշխատելու, անհավասար աշխատավարձերի և այլ թեմաների մասին:

Ուսուցչուհի Սուսաննա Գալստյանի խոսքով, օրինակ, իրենք աշխատանքից հետո տանը նույնպես աշխատում են, իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ պլան են լրացնում. «Փոխանակ բոլոր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնեն, հետո կոչ անեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը, ուսուցիչների միայն մի մասի աշխատավարձն են բարձրացնում: Շատ ուսուցիչներ դրա պատճառով լքում են դպրոցը»:

Մեկ այլ ուսուցչուհի` Լիլիթ Օհանյանն իր հերթին փաստեց, որ այսօր ուսուցիչների ուսերին մեխանիկական մի շարք աշխատանքներ կան դրված, որոնք արհեստականորեն բարդացնում են նրանց կյանքը.

«Նրանք ամեն օր լրացնում են այդ օրվա անելիքները, հետո վերջնարդյունքը, «էլեկտրոնային մատյանում» գնահատականներն են նշանակում, բայց դա որևէ բան աշակերտին չի տալիս»:

Բողոքի ակցիայի ընթացքում ուսուցիչներին մոտեցել են ՀՀ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու Հանրակրթական և արտադպրոցական հաստատություններում ծրագրերի համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և վստահեցրել, որ հնչած խնդիրների առնչությամբ իրենք ունեն լուծումներ: