ԳլխավորԼուր

Հետազոտվում են տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները

COVID-19 համավարակի ընթացքում հեռավար ուսուցման անցած աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում հետազոտություններ իրականացնելու համար ընտրվել է 24 ընտանիք, որոնցից 10-ի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել COVID-19 համավարակի ընթացքում, վերոնշյալ խմբերի համար հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։

«Ծրագիրը բոլորովին վերջերս է մեկնարկել, և այժմ հստակ մեթոդաբանությամբ իրականացվում է նախնական հետազոտական փուլը։ Մեր հետազոտությունը վերաբերում է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154 հազար 409 աշակերտ։ Այս ընթացքում ընտրվել են ընտանիքներ, որտեղ հոգեբանների կողմից հարցաքննվում են ծնողներն ու աշակերտները, կրթական մասնագետների կողմից էլ` տարրական դասարանների ուսուցիչները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակել ենք հատուկ գործիքներ, որոնցով էլ իրականացվում են հետազոտությունները»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ուսուցիչների հետ կապված հետազոտությունը բաղկացած է երկու մասից՝ փորձագիտական և քանակական։

Փորձագիտական հետազոտությունների ընթացքում մասնագետները խորքային հարցազրույցներ են անցկացնում և հավաքագրում որակական տվյալներ, իսկ քանակականի ժամանակ ուշադրություն կդարձվի տեխնիկական խնդիրներին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 380-400 ուսուցչի։

«Քանակական հետազոտության հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են ունեցել մեր ուսուցիչները, որովհետև դրա բացակայությունը, սարքավորումներից օգտվել չկարողանալու հանգամանքը նույնպես հանգեցրել է սթրեսային իրավիճակների։ Փորձագիտական հետազոտության միջոցով կկարողանանք պարզել, թե հեռավար ուսուցման ժամանակ ինչպիսի կազմակերպչական խնդիրներ են եղել, ինչ աջակցություն է ցույց տրվել դպրոցի կողմից, ուսուցիչ-ծնող, ուսուցիչ-երեխա ինչպիսի հարաբերություններ են եղել և այլն։ Երեխաների հետ կապված կարող եմ ասել, որ նրանց հետ հատուկ գործիքակազմով աշխատանքներ են տանում մանկական հոգեբանները։ Այս պարագայում մենք մի քանի չափորոշիչ ենք ընտրել՝ խոցելի և ոչ խոցելի ընտանիքներ։ Խոցելի ընտանիքների չափանիշներն այլ են, և հիմնականում ուսումնասիրում ենք դժվարին իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքները։ Դրանց դեպքում ուշադրություն ենք դարձրել երեք հանգամանքի վրա՝ խոցելի ընտանիքի տնից աշխատող ծնող, խոցելի ընտանիքի դրսից աշխատող ծնող և խոցելի ընտանիքի չաշխատող ծնող»,- ասաց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ բոլոր համայնքներից ընտրվել են ընտանիքներ՝ համայնքային սոցիալական աշխատողների հետ համագործակցելով։ Այս պահին բոլոր մարզերից նախնական ընտրված է 24 ընտանիք։

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ այս ընտանիքների հարցումների ընթացքում նախապես մշակված գործիքները հնարավորություն կտան նախանշել բոլոր որակական խնդիրները։

«10-ից ավելի ընտանիքի հետ արդեն իրականացվել են հարցազրույցներ, ես նույնպես մանկական հոգեբանի հետ ներկա եմ եղել ընտանիքներ այցելությանը։ Սա միակ գործընթացն է եղել, որ իրականացվել է դեմ առ դեմ, մնացածը՝ հեռավար կերպով»,- նշեց Սիմոնյանը։

Սեպտեմբերի 15-ին կավարտվի հետազոտական փուլը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ունենալ և՛ քանակական, և՛ որակական վերլուծությունը։ Այս ամենից հետո անցում կկատարվի երկրորդ փուլին, որի ժամանակ կմշակվեն նոր գործիքներ, համապատասխան նյութեր կունենան, որպեսզի հնարավոր լինի աջակցել ծնողներին, երեխաներին և ուսուցիչներին։

Ծրագրի շրջանակում գործելու է նաև թեժ գիծ, որը շուտով կգործարկվի և կաշխատի մինչև դեկտեմբեր ամիսը։ Այն սպասարկվելու է սոցիալական աշխատողի կողմից, ով հատուկ մշակված ձևով պետք է հավաքագրի հեռավար ուսուցման հարցերին վերաբերող խնդիրները։

 

Comment here