ԳլխավորԼուր

Հնդիկ ուսանողները ԿԳՄՍՆ-ի դռներն են թակում. տեսանյութ

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները բուհում իրենց հարցերի պատասխանը չստանալուց հետո ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության դուռն են թակում։ Բուհի՝ լիցենզիայից զրկվելուց հետո ավարտական կուրսում սովորողները հայտնվել են անելանելի դրության մեջ, հայտնում է Factor TV-ն։

«Նախարարությունից մեզ խոստացան, որ բոլոր խնդիրները կլուծվեն, բայց մեր փաստաթղթերը Սուրբ Թերեզայի համալսարանից վերցնելուց հետո մյուս համալսարաններում ասում են, որ ավարտական կուրսի ուսանողներին չեն կարող ընդունել»,- նշել է ուսանողներից մեկը։ Այժմ եկել ու նախարարությունից պահանջում են տեղեկանք այն մասին, որ իրենք կարող են կրթությունը շարունակել վերջին՝ 6-րդ կուրսում։ Ուսանողները նշում են՝ ավարտական քննությանը 2 ամիս էր մնացել, և եթե կրթությունը շարունակեն այլ բուհում ու հավելյալ 1 տարի սովորեն, ժամանակ ու մեծ գումար են կորցնելու։

«Մյուս համալսարանները կրկին ուսման վարձ են ուզում, բայց մենք արդեն վճարել ենք Սուրբ Թերեզայի անվան համալսարանում վերջին տարվա վարձը,  և հիմա կրկին պետք է վճարենք։ Բացի այդ, ասում են՝ չենք կարող ընդունել վերջին տարում, պետք է 1 կուրս ցածր նստեք»,- ասել է ուսանողը։

ԿԳՄՍ նախարարությունից հերքում են, որ ուսանողներին նման խոստումներ են տվել։ Ասում են՝ բուհից բուհ տեղափոխության դեպքում հաշվի է առնվում կրեդիտների տարբերությունն ու ըստ դրա է որոշվում, թե ուսանողը որ կուրսից կարող է շարունակել։

«Մարդ, որը որևէ կոնկրետ առարկա չի սովորել, գալիս ասում է՝ ես 6-րդ կուրս եմ, դիպլոմս տվեք, գնամ։ Չի լինում այդպես, հստակ գործընթաց գոյություն ունի։ Բուհից բուհ տեղափոխման ժամանակ որևէ ուսանող չի գալիս նախարարություն։ Իր բուհից կրեդիտը վերցնում է, գնում է իր ուզած բուհը, ասում է՝ ինձ ընդունեք։ Նրանք էլ ասում են՝ կրեդիտները բավարարում է կամ չի բավարարում»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանը։

Մանրամասները՝ գլխավոր տեսանյութում։