ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների, հայտնում են ԱԺ-ից:
Այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:
Նախաձեռնությունը հունիսի 26-ին քննարկվել է ԱԺ պատգամավորների, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Մասնակիցները ողջունել են մտահղացումը: Նշվել է, որ առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ արդեն կան արձագանքներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ: