Ավելի լուրջԳլխավոր

Ուսանող դառնալն ինքդ քեզ գտնելու պատրվակ է

Առավոտյան հենց հեռախոսս միացրի, Facebook-ն ասաց՝ «see your memories»: Հինգ տարի առաջ մի երկա՜ր գրառում էի կատարել, առաջին կուրսի առաջին ուսանողական հիասթափությանս մասին էր: Հայտնվել էի անարդար և արդար մոտեցումների միջակայքում, բայց արագ սթափվել էի, որովհետև հասկացել էի՝ սկսվել է կոփվելու այն ճանապարհը, որով յուրաքանչյուր ուսանող գիտակցված կամ անգիտակից անցնում է կամ պետք է անցնի:

Առհասարակ, ուսանողական կյանքդ շատ ավելի հեշտ ու գիտակցված է անցնում, երբ պատրանքներով չես ապրում և ամենին իրատեսորեն ես վերաբերվում: Օրինակ՝ մայր բուհի ուսանող դառնալու երազանքով տարված չէի, ուսանող դառնալս պատրվակ էր կամ միջոց ինքս ինձ գտնելու, մի անկյունում տեղավորվելու, այնուհետև` տարածքս ընդլայնելու համար:

Եթե մինչ համալսարան ընդունվելը յուրաքանչյուր դիմորդ հստակ իմանա, թե ինչ է ուզում (ամենակարևորը՝ ինչ չի ուզում), ինչ է սիրում, ուր է գնում և չառաջնորդվի ծնողների, շրջապատող անձանց կարծիքներով կամ պարզապես տարատեսակ «պետք է»-ներով, միգուցե ուսանողների թիվն ու որակը փոքր-ինչ ա՞յլ լինի: Հատկապես՝ որակը։

Վերջին տարին է, ինչ ուսանող եմ: Այն օրվա հիասթափությունիցս անցել է մի ամբողջ 5 տարի: Հիասթափության առիթները դեռ կան, հիասթափեցնողները՝ նույնպես, բայց չկա հիասթափվողը, որովհետև անցած ուսանողական ճանապարհիդ բովանդակալիությունն ու փորձառատությունը հուշում է մի բան՝ համալսարանի կարևորագույն և պետքական գործառույթը ուսանողին կոփելն է և դեպի նոր՝ բարդության այլ աստիճան ու տեսակ ունեցող ճանապարհ ուղղորդելը:

ԱՐԱՔՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ

17.11.2017, yerkirmedia.am

Comment here