ԳլխավորԼուր

Ուսանողներն իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը խիստ սրվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց ի վեր։ Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժումը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում՝ վարչապետի հրաժարականի պահանջով, իսկ փետրվարի 25-ից նաև անժամկետ նստացույց է հայտարարել Երևանի Բաղրամյան պողոտայում։

Հասարակության մի հատվածն էլ դեմ է վարչապետի հրաժարականին, նրանց մի մասը հակընդդեմ հանրահավաք էր անցկացրել մարտի 1-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում։

Առկա խնդիրների և դրանց հնարավոր հանգուցալուծման շուրջ Usanogh.am-ը զրուցել է հայաստանյան բուհերի մի քանի ուսանողների հետ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Կարեն Առաքելյանը ելքը տեսնում է արտահերթ ընտրությունների անկացման և սահմանադրական բարեփոխումների միջոցով, որով անցում կկատարենք կիսանախագահական համակարգի։

Ըստ Կարենի՝ ընդդիմությունը ևս նախկինում կողմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, և ընդհանուր հայտարարի կգան այս հարցում։ Ըստ նրա՝ եթե փոխված սահմանադրության բոլոր նորմերին համապատասխանող, թափանցիկ ընտրություններ անցկացվեն, ապա կունենանք ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն, և ներքին խառնաշփոթը կվերանա։

Երևանի պետական համալսարանի ուսանող Միքայել Միքայելյանի կարծիքով ՝ հասարակության մի մասն ատելությամբ է լցված նախկին, մյուսը մասը՝ ներկա իշխանությունների հանդեպ։ Նրա կարծիքով՝ Հայաստանում այլընտրանքային, երրորդ հզոր ուժ դեռևս չկա։

Նա կողմ չէ կիսանախագահական կառավարման տարբերակին. պետք է լինի նախագահական կամ խորհրդարանական կառավարման տարբերակ, որպեսզի հստակ լինի, թե ով է երկրում գլխավոր պատասխանատուն։

Երկրի բարեփոխումների հերթականությունը Միքայելը տեսնում է այսպես. պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, հետո անցկացվեն ընտրություններ, այնուհետև բարեփոխումներ պետք է կատարվեն կրթական, այդ թվում՝ բուհական համակարգում, որը երկրի զարգացման գլխավոր գործոնն է։

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վահե Մխիթարյանի կարծիքով՝ դեռևս չկա քաղաքական այն ուժը, որը կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել։ Իշխանությունները, ըստ նրա, անգործության են մատնված։ Միակ քաղաքական գործիչը, ով կարող է իրավիճակը շտկել, ըստ Վահեի, ՀՀ երկրորդ նախագահն է, որն ունի փորձ, կապեր և ռուսամետ դիրքորոշում, ինչն այս պարագայում կարևոր է։ Իսկ, այնուամենայնիվ, հարկավոր է նոր ուժ երկրում իրավիճակը կայունացնելու համար։

Եվրոպական համալսարանի ուսանողուհի Լուիզա Մինասյանը կարևոր է համարում գերիների շուտափույթ վերադարձը և հայ ժողովրդի համախմբումը՝ երկրի զարգացման համատեքստում։

Երևանի Պետական համալսարանի ուսանողուհի Արմինե Սահակյանը կոնկրետ գնահատական չի կարող տալ ներկա քաղաքական իրավիճակին, քանի որ գտնում է, որ հստակ չէ, թե ինչ է կատարվել կամ կատարվում ներքաղաքական նեղ շրջանակներում։ Ժողովրդի համակրանքը և հակակրանքը համարում է ոչ օբյեկտիվ։

Ապագա լրագրողը կարծում է, որ բարեփոխումները պետք է սկսել կրթական համակարգից՝ պատրաստելով որակյալ կադրեր։

ԵՊՀ ուսանող Եղիշե Սարգսյանը համարում է, որ երկրում առաջնահերթ բարեփոխումները պետք է սկսել ժողովրդի կենսամակարդակի բարձրացումից՝ տնտեսական ներդրումներով ու նոր աշխատատեղեր ստեղծելով։

Մեր զրուցակիցների մյուս հատվածը խուսափեց քաղաքական հարցերի պատասխանելուց՝ պատճառաբանությամբ, որ իրենք չեզոք են կամ դիրքորոշում այս վիճակի վերաբերյալ պարզապես չունեն։

Այսօվա դրությամբ ներքաղաքական օրակարգում կարծես հստակ է՝ կողմերը արտահերթ ընտրությունների կողմ են, պարզապես ընդդիմությունը ցանկանում է, որ դրանք անցկացվեն մոտավորապես 1 տարի անց՝ ժամանակավոր-անցումային կառավարության կազմակերպմամբ, իշխանությունները դեմ չեն արտահերթին, բայց դեմ են նոր վարչապետի ու նոր, թեկուզ ժամանակավոր կառավարությանը։

Այժմ օրակարգում է նաև հարցը՝ նախագահը կստորագրի, արդյոք ԶՈւ ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդագիրը, թե այն կվիճարկի Սահմանադրական դատարանում։

Հիշեցնենք, որ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու պահանջելով վարչապետի հրաժարականը։

Իսկ ուսանողների նկատելի մասը, գոնե հրապարակավ, չի աջակցում ոչ այս, ոչ այն կողմին։ Գոնե այդպես է թվում։

Մ. Գ.

Comment here