Այսօր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի ծննդյան օրն է (09.03.1934-27.03.1968)։
Նա համաշխարհային պատմության մեջ առաջին մարդն է, որը թռել է տիեզերական բաց տարածություն 1961 թվականի ապրիլի 12-ին։
1968 թվականի մարտի 27-ին առաջին տիեզերագնաց զոհվել է ավիավթարից՝ ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանի Նովոսյոլովո գյուղի մերձակայքում, երբ ուսումնական թռիչք է իրականացրել ՄիԳ-15 ուսումնամարզական ինքնաթիռով. թռիչքը ղեկավարել է փորձառու հրահանգիչ Վլադիմիր Սերյոգինը։
Ավիավթարի պատճառն ու հանգամանքները ցայսօր էլ ամբողջովին բացահայտված չեն։ Պաշտոնապես նշվում է, որ անձնակազմը օդային փոփոխված իրավիճակի պատճառով (մանրամասները չեն նշվում), կտրուկ շարժ է կատարել եւ ուղղահայաց դիրքով՝ ժամում 700 կմ արագությամբ (տարածությունն անցնելով 3 վայրկյանում) բախվել գետնին։ Տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։ Օդաչուների արյան մեջ այլ նյութեր չեն հայտնաբերվել։
Բայց քանի որ պետական կառավարական հանձնաժողովը չի կարողացել միանշանակ նշել վթարի պատճառները, շրջանառվում են Գագարինի մահվան բազմաթիվ ոչ պաշտոնական վարկածներ։
Առաջինը բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը հայտնում է, որ իր ունեցած տվյալների համաձայն, ՄիԳ-15-ի վթարի պատճառ է դարձել առանց թույլտվության այդ տարածքում հայտնված Սու-15 փորձարկիչ ինքնաթիռը, որը մոտ 15 մետր մոտեցել է ՄիԳ-ին, որի պատճառով էլ վերջինս կտրուկ փոխել է դիրքը, իսկ այն կրկին հորզինական դարձնելու փորձի ժամանակ էլ բախվել է գետնին։
Տիեզերագնաց Վլադիմիր Ակսյոնովը, որն այդ օրը Գագարինի հետ նախաթռիչքային բուժզննում է անցել, կարծում է, որ վթարի պատճառը եղանակային պայմաններն են եղել, մասնավորապես՝ ամպամածությունը։
Շրջանառվող վարկածներից է նաեւ, թե իբր Գագարինն ու Սերյոգինը թռիչքից առաջ մի-մի բաժակ օղի են խմել։ Սակայն այն հերքվում է պաշտոնական փորձաքննության արդյունքներով։ Այն միանշանակ ժխտում է նաեւ Վլադիմիր Ակսյոնովը՝ խմած լինելու միտքը համարելով «վայրենի»։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Գագարինը խնդիրներ է ունեցել ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հետ, ու վթարը կազմակերպել են պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները։ Այս շարքի վարկածներից է նաեւ այն, ըստ որի՝ վթար որպես այդպիսին չի եղել. իրականում հատուկ ծառայությունների աշխատակիցները գաղտնի ձերբակալել են Գագարինին, որից հետո նրան դեմքի պլաստիկ վիրահատության են ենթարկել ու փակել գավառական հոգեբուժարաններից մեկում, որտեղ էլ նա մահացել է։
Կա նաեւ այսպիսի վարկած. Գագարինն ինքն է կազմակերպել վթարն ու բեմադրել իր մահը, որից հետո երկար տարիներ բնակվել է Օրենբուրգի մարզի գյուղերից մեկում, իսկ մահացել է արդեն մեծ տարիքում՝ որսորդության ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարից։
Կա տեսակետ նաեւ, որ Գագարինը մահացել է ոչ թե 1968-ի մարտի 27-ին՝ ՄիԳ-15-ի վթարից, այլ դրանից օրեր առաջ՝ Լուսինը նվաճելու ծրագրի հետ կապված տիեզերական գաղտնի սարքավորման մեկնարկի ժամանակ։
Գագարինի անժամանակ մահվան կապակցությամբ ԽՍՀՄ ողջ տարածքում հայտարարվել է համազգային սուգ. սա բացառիկ դեպք էր ամբողջ խորհրդային պատմության մեջ, քանի որ անձանցից միայն պետության ղեկավարների մահվան դեպքերում է համազգային սուգ հայտարարվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։