ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները

Պետության կողմից  Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների  փոխհատուցման նպատակով՝  2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից:

Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի  ավելացվել են հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև՝  Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը:

Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում է ընդհանուր առմամբ մոտ 2000 ուսանող: Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական  միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը:

Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք նույնպես, 1 կամ երկու կիսամյակ, կվճարեն որոշ կարգախմբերի  ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված  պետական ծրագրերը:

Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշել է Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

Comment here