ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի ուսանողուհին չինական ֆիլմերի հնչյունավորման միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

2021 թվականի հունվարի 19-ին ամփոփվեցին 2020 թվականին անցկացված չինական ֆիլմերի հնչյունավորման միջազգային մրցույթի արդյունքները։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող Սոնա Հայրապետյանը զբաղեցրել է մրցանակային երրորդ տեղը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից

Այս անգամ հնչյունավորման մրցույթը Չինաստանի և աշխարհի լեզվական հաղորդակցության համագործակցության կենտրոնի, Չինաստանի ռադիո և հեռուստատեսային կենտրոնի և «Չինարեն լեզվի կամուրջ»-ի համագործակցությամբ հրավիրում էր մասնակցելու բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են  չինարենը որպես օտար լեզու և չեն հանդիսանում Չինաստանի քաղաքացի։ Մրցույթին մասնակցել է մոտ 80 երկրների 200 ուսումնական հաստատությունների ավելի քան 500 մասնակից, որոնք ներկայացրին մոտ 700 աշխատանք:

Արդյունքում ընտրվեցին 1 առաջին հորիզոնական, 3 երկրորդ հորիզոնական և 5 երրորդ հորիզոնական։ Ժյուրիի կազմում ներառված էին պրոֆեսիոնալ հնչյունավորող դերասաններ և հաղորդավարներ։ Հատկանշական է, որ 9 մրցանակակիրներից վեցը Պեկինի մանկավարժական համալսարանի, Պեկինի կինոակադեմիայի, Ֆուդանի համալսարանի և Չինաստանի այլ հայտնի ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Սոնան Հայաստանում չինարեն սովորում է ընդամենը երեք տարուց մի փոքր ավելի։ Նրա հնչյունավորած աշխատանքը հայտնի ռեժիսոր Թյեն Յուշընի նկարահանած և երիտասարդների կողմից շատ սիրված «Նախկինները» ֆիլմի մի հատված է։ Այս հատվածում հերոսուհու խոսքերը կազմում են 4 րոպե,  հնչերանգի տատանումները շատ են, հետևաբար՝ հնչյունավորման բարդությունը՝ մեծ։ Բայց Սոնան չինարենի իր հաստատուն գիտելիքներով, ճիշտ արտասանությամբ, հստակ առոգանությամբ և գեղեցիկ ու հուզիչ ձայնով կարողացավ առանձնանալ այս լարված ու բարձր մրցակցության պայմաններում։

Բացի սովորելուց Սոնան ակտիվորեն մասնակցում է Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների։ «Ես և իմ հայրենիքը» չինարենով շարադրությունների մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ՀՀ ՉԺՀ դեսպանատան կողմից արժանացել է դրամաշնորհի։

Comment here