ԳլխավորԼուր

«Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։

Դափնեկրի մեծարանքի միջոցառումները անցկացվեցին Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում:  Կազմակերպությունը նաեւ իրավաբանական օգնություն եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից:

Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց եւ խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության եւ այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ, այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին եւ փաստաբաններին:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը:

Ստեղծումից ի վեր «Ավրորա» մրցանակը բարեփոխել է հակամարտությունների, հալածանքների եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետեւանքով տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին, տեղահանվածներին, կանանց եւ աղջիկներին: