Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է «IBM» ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:
Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են «IBM»-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր ու ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների «IBM Z» և «Power» համակարգերի, ինչպես նաև «IBM Quantum» համակարգերի նախագծման համար։
Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության և դերակատարման բարձրացման առումով:
Այնուհետև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրել է Լեոն Սթոկի աշխատանքային գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ, ինչին հաջորդել է մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն՝ նվիրված Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին: