ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում մեկնարկել է «Մանրէների հատկություններ. նորարար գաղափարների մրցույթ» ծրագիրը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Մանրէների հատկություններ. նորարար գաղափարների մրցույթ»  ծրագիրը, հայտնում են Մայր բուհից։

Ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները ձեռք կբերեն մանրէաբանությանը վերաբերող նոր գիտելիքներ, կծանոթանան մանրէների դրական հատկություններին և դրանց հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում ու արտադրության մեջ:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ISTC կենտրոնում անցկացվող ծրագրի նպատակն է ուսանողների ու աշակերտների համար ստեղծել հնարավորություն համակողմանի ուսումնասիրելու կենսաբանությունն ու մանրէաբանությունը: Մասնակիցները միաժամանակ ձեռք կբերեն բիզնես մտածողություն, թիմում աշխատելու հմտություններ և միմյանց կփոխանցեն նոր գաղափարներ:

Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ մարզերից և Երևանից մոտ 100 աշակերտ և ուսանող, որոնցից ընտրվել է 35-ը: Մեծ առավելություն է տրվել հատկապես մարզաբնակ աշակերտների մասնակցությանը՝ գիտության ասպարեզում նրանց ներգրավվածությունը խթանելու նպատակով:

Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ, ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Պետրոսյանը, կարևորելով այս ձևաչափով անցկացվող միջոցառումները, շեշտեց՝ դրանք պետք է շարունակական լինեն:

Ծրագրի բանախոս, կ.գ.թ., դոցենտ Աննա Փոլադյանը ներկայացրեց «Միկրոբիոլոգիայի ամերիկյան ընկերությունը (ASM), նրա դերն ու գործունեությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն։ ԵՊՀ դոցենտը նշեց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և նրանց ծանոթացնում գիտական աշխարհին:

Ծրագրի մյուս բանախոսներն էին կ.գ.թ., դոցենտ Հովիկ Փանոսյանը, (թեման՝ «Մանրէային մետատիրույթ. կենսազննում և որս»), Ամերիկյան մանրէաբանական ընկերության հայաստանյան ուսանողական խմբակի («ArMicro») նախագահ Լուսինե Դավթյանը (թեման՝ «ArMicro»), կ.գ.թ., ասիստենտ Նաիրա Սահակյանը (թեման՝ «Բույս-մանրէ փոխհարաբերությունը՝ որպես սթրեսներին հարմարվողական արձագանքման մեխանիզմ»)։

Ծրագրի առաջին շաբաթը հագեցած է լինելու սեմինար-քննարկումներով և լաբորատոր գիտափորձերով, երկրորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են հանդիպումներ և այցեր արտադրական գործարաններ: Մենթորների կապը թիմերի հետ, ինչպես նաև թիմային աշխատանքներն ու գաղափարների մշակման վերաբերյալ առաջադրանքները լինելու են առցանց հարթակում, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում թիմերը ներկայացնելու են իրենց ամփոփ գաղափարները:

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որի ժամանակ հայտնի կդառնան հաղթողների անուններն ու մրցանակները:

Նշենք, որ ծրագրի կազմակերպիչներն ու գործընկերներն են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության ուսանողական խմբակն ու Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության դեսպանը: