ԳլխավորԼուր

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները Վիտեբսկից վերադարձել են հաղթանակով

ԵՊՀ մշակույթի կենտրոնի պարի խմբի աղջիկները

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի՝ աղջիկների պարային համույթի ներկայացուցիչները Վիտեբսկում մասնակցել են «Սլավյանսկի բազար» արվեստի միջազգային փառատոնին և դարձել 3-րդ կարգի մրցանակի դափնեկիր, հայտնում են Մայր բուհից։

Փառատոնի ընտրական փուլերը տեղի են ունեցել Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանում և Բելառուսում: Եզրափակիչ փուլ են անցել տասնյակ խմբերի՝ 6-ից 25 տարեկան ավելի քան հարյուր մասնակիցներ: Պարախմբերի կատարումները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը՝ հիմնվելով տեխնիկա-կոմպոզիցիա-կերպար-ժամանց չափանիշների վրա:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը փաստեց, որ նմանօրինակ լայնամասշտաբ մրցույթին մասնակցությունն արդեն իսկ կարևորագույն ձեռքբերում է կենտրոնի և մասնավորապես պարային համույթի անդամների համար:

«Այս մրցույթին մեր կենտրոնն առաջին անգամ է մասնակցում, և հատկանշական է, որ գրանցել է փայլուն արդյունք: Սա վկայում է, որ համույթի սաներն ունեն մեծ ներուժ հաջորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնելու»,- փաստեց Կ. Դավթյանը:

Աղջիկների պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անի Հարոյանը, խոսելով մրցույթին համույթի մասնակցությունից, նշեց, որ 18 երկրներ ներկայացնող պարային խմբերից Հայաստանը ներկայացնող ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների ելույթը եղել է ամենատպավորիչներից մեկը:

«Թեպետ մեր խմբի անդամները չորսն էին, այնուամենայնիվ բեմադրությամբ հնարավոր եղավ կերտել այնպիսի պար, որով փորձում էինք ներկայացնել Հայաստանի մշակույթը: Աշխարհում ճանաչված և ականավոր պարուսույցներից կազմված ժյուրիի արձագանքը փաստեց, որ մենք կարողացել էինք փոխանցել հայկական շունչը»,- ժպիտով նշեց Անի Հարոյանը:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարային համույթի աղջիկների համար սա առաջին մեծ մրցույթն էր, որտեղ գրանցած հաղթանակը ոգևորել է՝ մասնակցելու նորանոր մրցույթների: Նրանց հավաստմամբ՝ կենտրոնն այն լավագույն հարթակներից է, որտեղ հնարավորություն են ստանում ակադեմիական կրթությանը զուգահեռ ձեռք բերելու նաև մշակութային կրթություն: